ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանել է Araratnews.am-ի հարցմանըˋ կապված Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ավազանի և հորերի օգտագործման խնդրի հետ:
Բնապահպանները նշում են, որ Արարատյան դաշտին սպառնում է անապատացումը՝ արտեզյան ջրերի նվազման և ձկնաբուծարանների համար այդ արտեզյան ջրերը օգտագործելու հետևանքով: Արարատի և Արմավիրի մարզի համայնքների բնակիչները նշում են, որ այսօր ոռոգման ջրի խնդիր ունեն, հողատարածքները մնում են անջրդի և բերք չեն կարողանում աճեցնել: Նշենք, որ այսօր Արարատյան դաշտում գործում է 267 ձկնաբուծարան, որի համար շահագործվում է մոտ 450 խորքային հոր:
Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանում են, որ Արարատյան դաշտում ոռոգման ջրի դեֆիցիտը պայմանավորված է բնական և մարդածին գործոններով՝
1. ձկնաբուծական տնտեսությունների գործունեության արդյունքում Արարատի և Արմավիրի մարզերում նվազել է ոռոգման, խմելու և կենցաղային նպատակներով օգտագործվող բազմաթիվ խորքային հորերի արտադրողականությունը:
2. Թուրքիայի տարածքում կառուցվել ու կառուցվում են ջրամբարներ, որտեղ կուտակվում են Արաքս գետի ու վտակների ջրերը, արդյունքում՝ Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանի հատվածում խիստ կրճատվել են ինչպես Արաքս գետի ջրի ելքը, այնպես էլ Ախուրյանի ջրամբարում կուտակվող ջրի ծավալները:
3. Բնակլիմայական ոչ բարենպաստ պայմանների արդյունքում ջրամբարներում բավարար չափով ջուր չի կուտակվում:
1. Արդյոք Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնո՞ւմ է վերահսկողություն Արարատի և Արմավիրի մարզում ջրային ռեսուրսների հոսքը վերահսկելու ուղղությամբ և ի՞նչ խախտումներ է արձանագրել:
Ջրային ռեսուրսների հոսքի վերահսկումն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից (ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն), իսկ ոռոգման ջրի մատակարարման իրավասությունները վերապահված են
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
2. Արարատի ու Արմավիրի մարզի համայնքները չե՞ն կանգնի գյուղատնտեսական մեծ խնդիրների առջև, եթե ոռոգման ջրի խնդիրը շարունակվի այսպես մնալ և արտեզյան ջրերի խնդիրը չկարգավորվի, քանի որ Արարատյան դաշտը Հայաստանի գյուղատնտեսության համար կարևորագույն օղակներից մեկն է:
Արարատյան դաշտը հանդիսանում է հանրապետության ոռոգելի հողերի «ոսկե ֆոնդը» և, բնականաբար, ոռոգման ջրի խնդիրը նշված մարզերում ունի չափազանց կարևոր նշանակություն գյուղատնտեսության զարգացման գործում: Բնականաբար, այդ խնդիրն անհապաղ լուծում է պահանջում:
3. Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Գյուղատնտեսության նախարարությունը այդ մարզերում ոռոգման ջրի հարցը լուծելու և գյուղատնտեսական ոլորտում այդ ռիսկերը կանխելու համար: Կա՞ արդյոք մշակված ծրագիր:
Արարատյան հարթավայրում ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործման ծավալները ներկայումս գերազանցում են շահագործողական վերականգնվող ծավալները (1226,2 մլն մ3/տարի):
ՀՀ կառավարության, ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման, բնապահպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում Արարատյան արտեզյան ավազանի հիմնախնդրին համալիր լուծում տալու՝ ջրօգտագործման սահմանափակման ճանապարհով ջրային ռեսուրսները վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես՝
- մշակվել են ՀՀ կառավարության որոշումների նախագծեր՝ ձկնաբույծների կողմից օգտագործվող ջրի սակագինը 10 անգամ բարձրացնելու, հետադարձ ջրերը ցամաքուրդային ցանցով հեռացնելու համար սակագին սահմանելու նպատակով,
- մշակվել է Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանք,
- արգելվել է նոր ջրօգտագործման համար հորատումներ կատարելը,
- ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ապօրինի հորերի կոնսերվացման համար,
- խնդիր է դրվել ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող ջրի ծավալները կրճատել 70%-ով՝ նորագույն տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով: Նպատակին հասնելու համար, հաշվի առնելով պահանջվող զգալի ֆինանսական ներդրումների անհրաժեշտությունը, լայնածավալ աշխատանքներ են տարվում դոնոր կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ, խորհրդակցություններ են կազմակերպվում բնագավառում փորձ ունեցող երկրների մասնագետների մասնակցությամբ, բանակցություններ են վարվում միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Արդեն իսկ ձեռք է բերվել համաձայնություն՝ Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական երկու տնտեսությունում ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման պիլոտային ծրագրերի իրականացման վերաբերյալ,
- մշակվել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողության նպատակով կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի սուբսիդավորման ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Բացի վերը նշվածը, Արարատյան հարթավայրի ոռոգելի հողատարածքների լիարժեք ոռոգումն ապահովելու նպատակով աշխատանքներ են տարվում մի շարք նոր ջրամբարների կառուցման ուղղությամբ: Ավելորդ չէ նշել նաև, որ միջոցներ են ձեռնարկվում ոռոգման արդյունավետ տեխնոլոգիաների՝ կաթիլային և անձրևացման եղանակների ներդրումը խրախուսելու ուղղությամբ: