տուն Քաղաքական Լրագրողները կարող են հայտնվել ամբիոնին, այս անգամ՝ ոչ միայն պաստառներով

Լրագրողները կարող են հայտնվել ամբիոնին, այս անգամ՝ ոչ միայն պաստառներով

201
0

lrag

Հայ-ռուսական գազային համաձայնագրի դեմ պայքարի արդյունքում հնարավոր եղավ  ինչ-որ չափով իրավաբանորեն խոցելի դարձնել համաձայնագրի հաստատումը, ինչը մոտակա և հեռավոր ապագայում կարող է բավական լուրջ օգտակար ազդեցություն ունենալ այդ պայմանագիրը չիրագործելու և խզելու համար:

Հնարավոր էր արդյոք անել ավելին: Այն, որ ավելին անելու հնարավորություններ կարող են միշտ առկա լինել՝ չի բացառվում, այն, որ հնարավոր էր գրավել ԱԺ նախագահությունը և ուղղակի թույլ չտալ քվեարկությունը՝ նույնպես հնարավոր էր, այն, որ հանրությունը մինչև քվեարկությունը կարող էր զանազան եղանակներով այնպես անել, որ պարալիզացվեր խորհրդարանի աշխատանքը կամ կոալիցիոն պատգամավորները չներկայանային քվեարկությանը՝ նույնպես անհնարինի շարքից չէր: Սակայն արվեց այն, ինչ այդ պահին հնարավորինս իրատեսական էր, կամ ինչը պատրաստ էին անել թե՛ պատգամավորները, թե՛ հանրությունը: Ինչևէ, առկա է որոշակի հստակ արդյունք:

Պարզվեց, որ լրագրողները ևս պատրաստ էին ինչ-որ գործողության և գուցե ավելիին, քան պատգամավորները: Երեկ լրագրողների ակցիան  ոչ միայն ապտակ էր վարչախմբին, այլ նաև գործողության կոչ էր ընդդիմադիր պատգամավորներին: Իհարկե՛, պատգամավորները կարող էին հետևել լրագրողներին և բարձրանալ ամբիոն, գրավել նախագահությունը, սակայն գոնե մինիմալ արդյունքը քաղվեց վերջիններիս գործողությունից: Վերցվեց ընդմիջում, ինչն էլ հանդիսացավ հետագա գործողությունների համար հաջող սկզբնակետ:

Սակայն լրագրողների արածը չի տեղավորվում միայն կոնկրետ օրվա և կոնկրետ գործողության շրջանակներում: Սա հայաստանյան հանրության մեջ լրագրողի տեղի և դերի լրիվ նոր մակարդակի, նշաձողի սահմանում էր: Սա լրագրողների ազատագրումն էր սովետական փոշուց ու լրատվական բիզնեսից: Սա հստակ ուղերձ էր լրագրողական համայնքին, որ լրագրողը ոչ միայն լրագրող է, այլ նաև քաղաքացի՝ դրանից բխող իրավունքներով և պարտականություններով: Սակայն ի տարբերություն այլ քաղաքացիների՝ հանրային, քաղաքական կյանքում լրագրողի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է: Մեկ լրագրողը իր աշխատանքով կարող է կողմնորոշել  կամ ապակողմնորոշել հազարավոր մարդկանց: Տվյալ պարագայում լրագրողի մեկ, անգամ անգիտակցաբար տրված ոչ հավաստի կամ մանիպուլյատիվ տեղեկատվությունը կարող է շատ ավելի մեծ բացասական ազդեցություն ունենալ հանրային կյանքի, քաղաքականության վրա, քան որևէ քաղաքական կամ հասարակական գործչի ելույթը:

Այս իրավիճակը շատ ավելի է սրվում, երբ լրագրողը գործում է նման ոչ ժողովրդավարական համակարգերում և գրեթե ամբողջությամբ վարչախմբի վերահսկողության տակ գտնվող մանիպուլյատիվ մեդիադաշտում: Իհարկե, նման համակարգի մեջ իրենց տաքուկ անկյունները գտած և լրագրությունը բիզնեսի վերածած լրագրողները, մեդիափորձագետները կարող են անխնա քննադատել նման քայլը՝ խոսելով լրագրողական օբյեկտիվության, էթիկայի մասին: Սակայն ինքնիշխանության ակնհայտ վաճառքի պայմաններում խոսել լրագրողական էթիկայի մասին՝ նույն է, որ փորձ անես դանակահարության պահին օբյեկտիվորեն լուսաբանել մարդասպանի գործողությունները:

Նույն մեդիափորձագետները, լրագրողները պետք է հետևություններ անեն, թե ինչպես է ստացվել, որ Չորրորդ իշխանության ներկայացուցիչը իր ձայնը տեղ հասցնելու, տարվող քաղաքականության վրա ազդեցություն ունենալու համար այլ միջոց չի գտել, բացի պաստառներով ԱԺ ամբիոնին հայտնվելը: Հետևություններ անեն և փոխանցեն մեծամասամբ այդ նույն դահլիճում նստած իրենց մեդիատերերին, որ հաջորդ անգամ օղակը այդպես սեղմելու դեպքում կարող է լրագրողները նորից ամբիոնին հայտնվեն, բայց այս անգամ ոչ միայն պաստառներով:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here