Հայաստանում գնաճը էականորեն բարձր է Եվրամիության երկրների գնաճից, սակայն նշանակալիորեն ցածր է Ռուսաստանում և Բելառուսում արձանագրված գնաճից: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներից: Այսպես՝ այս տարվա հոկտեմբերին, նախորդ՝ 2012 թ. դեկտեմբերի համեմատ, Հայաստանում գների աճը կազմել է 3.5%: Եվրամիության 27 երկրներում նույն ժամանակահատվածում գնաճը միջինում եղել է ընդամենը 0.7%: Ռուսաստանում այս ցուցանիշը կազմել է 5,3%, իսկ Բելառուսում՝ 12%։ Հետաքրքիր է, որ տարածաշրջանի երկրներից գնանկում է արձանագրվել Ուկրաինայում՝ 0.2%-ի չափով: Ղազախստանում ու Մոլդովայում արձանագրվել է մոտավորապես այնքան գնաճ, որքան Հայաստանում՝ 3.6%: Բարձր գնաճ է արձանագրել Թուրքիան՝ 7%:
Գրեթե նույն պատկերն է եղել նաև 2012-ի վերջին՝ 2011-ի վերջի համեմատ: Հայաստանում գնաճը մոտ երկու անգամ պակաս է եղել, քան Ռուսաստանում ու Ղազախստանում, և շատ ավելի պակաս, քան Մաքսային միության մյուս երկրում՝ Բելառուսում (այստեղ արձանագրվել էր 21.8% գնաճ):