Ազգային ժողովն սկսել է քննարկել «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագիծը: Այն 2014 թվականի բյուջեի նախագծի հետ կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով: Այս օրինագծով կառավարությունը փորձում է աշխատավարձերի միասնական համակարգ ձևավորել տարբեր ոլորտներում:
Օրինագծով նախատեսվում է 2014 թվականից բարձրացնել ինչպես նախագահի, պատգամավորների, այնպես էլ քաղծառայողների աշխատավարձը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը Ազգային ժողովում ասել է, որ օրինագծով չեն բարձրանա այն աշխատավարձերը, որոնք արդեն իսկ բարձր են: Օրինակ, չեն բարձրանա Վերահսկիչ պալատի մասնագետների, անկախ հանձնաժողովում ընդգրկված և բարձր վարձատրվող անձանց աշխատավարձերը:
Վաչե Գաբրիելյանը նշել է, որ այս օրինագածով նախատեսվում է 2017 թվականին Հայաստանում նվազագույն մաքուր աշխատավարձը սահմանել 70 հազար դրամ: Մինչ այդ, նվազագույն աշխատավարձերի աստիճանական բարձրացում կլինի: 2014 թվականին նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50 հազար դրամ, 2015 թվականին՝ 55 հազար, 2016 թվականին՝ 62 հազար դրամ:
Էմմա Պալյան