ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից՝ երեկ հնչեցրած արտահայտության համար: Այս մասին Քոչարյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
«Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցի մեջ իմ անունը հոլովվել է, ես էլ պարզապես հակադարձել եմ: Պայմանականորեն, իմ անունը հոլովելու փոխարեն, կարող էր այլ անուն հոլովել, եթե խոսքը վերաբերում է նախկինում հայտարարագրած ունեցվածքին»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ իր հայտարարագիրը վաղուց կա:
Քոչարյանի պնդմամբ, ինքն ընդամենը գնահատել է Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքը և հիմա՝ որպես ՀՀԿ նախկին երկրորդ համարի:
«Ես ինչքան հասկացա, բացի Արփինե Հովհաննիսյանից, բոլորը վիրավորվել են, և որոշակի լյուստրացիայի բան նկատեցի»,- ասաց նա:
Հարցին՝ որպես տղամարդ կնոջը վիրավորելու համար պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել, պատասխանեց. «Չեմ պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից»: