Ամերիկաբնակ երգիչ Հարութ Բալյանը 10 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Լոս Անջելես: 1989 թվականից մինչ օրս բնակվում է այնտեղ եւ իր մեղեդային երգերով վայելում է աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերի սերը:
— Հարութ, ինչպե՞ս Ձեզ ճանապարհը տարավ դեպի երգը:
— Անկեղծ ասած, մանկուց սիրել եմ երգել եւ շատ աշխատելուց ու պայքարելուց հետո այսօր պրոֆեսիոնալ բեմում եմ: Դա, իհարկե, նաեւ Աստծո կամքով է եղել, եւ ես հավատում եմ ու գիտեմ, որ ծնվել եմ երգելու համար: Կարող եմ ասել, որ երգն այժմ իմ կյանքի իմաստն է:
— Դուետներ շատ ունեք, ո՞ւմ հետ կուզեիք երգել առաջիկայում: Չե՞ք նախատեսում զուգերգ հայաստանյան երգիչներից մեկի հետ:
— Մեր ազգի մեջ շատ ունենք տաղանդավոր երգիչ-երգչուհիներ, ինձ համար ամենակարեւորն այն է, որ լավ երգ լինի, եւ երգիչների ձայնը միմյանց համապատասխան լինի: Ես այդ ամենին մեծ ուշադրություն եմ դարձնում, քանի որ մեծ աշխատանք է կատարվում, եւ լավ արդյունքն ամենակարեւորն է: Եթե այդ ամենը լինի, ես սիրով դուետ կունենամ:
— Մենահամերգ Հայաստանում ունեցել եք, ե՞րբ կլինի հաջորդը:
— Շատ եմ ուզում, որ այս տարի լինի, եւ ամեն ինչ անում ենք, որ առաջիկայում այդ մեծ մենահամերգը տեղի ունենա Հայաստանում:
— Ինչքա՞ն ժամանակ է, որ հայրենիքում չեք եղել եւ ի՞նչն եք ամենից շատ կարոտում:
— Տարվա մեջ 4-5 անգամ այցելում եմ՝ թե գործնական բնույթի հարցերով, թե հայրենիքիս կարոտն առնելու եւ թե ընկերներիս տեսնելու համար: Ես շատ եմ սիրում Հայաստանը, իմ ժողովրդին եւ ամեն անգամ այցելելուց շատ մեծ կարոտ եմ զգում եւ անհամբեր սպասում մյուս վերադարձիս:
— ԱՄՆ-ում բնակվող հայ երգիչները մեծ մասամբ նույն ոճում են երգում, մրցակցություն չկա՞, եւ ինչպե՞ս եք դիմակայում մրցակցությանը:
— Ես իմ կյանքում ոչ ոքի հետ չեմ մրցակցել. երգում եմ երգեր, որոնք իմ սրտից են գալիս` իմ ժողովրդի եւ երկրպագուների համար, այնպես որ, երբեք ուշադրություն չեմ դարձրել նման բաների:
— Հարութ Բալյանի սիրտը դեռ ազա՞տ է, Ձեր ընտրյալի ազգությունը Ձեզ համար կարեւո՞ր է, թե՞ կապ չունի:
— Այո, դեռ ազատ է իմ սիրտը: Բնականաբար, պետք է ազգությամբ հայ լինի, որովհետեւ չեմ պատրաստվում ընտանիք կազմել օտարի հետ: Ինչպես ծնողներս են ինձ մեծացրել որպես հայ զավակ, այնպես էլ ես նույնը պետք է անեմ իմ երեխաների համար:
— Ի՞նչ նոր աշխատանքներ եք պատրաստում Ձեր հանդիսատեսի համար:
— Այս տարի պլանավորել ենք 4 նոր երգ ու տեսահոլովակ, որոնցից մեկն արդեն լույս է տեսել՝ «Կարոտում եմ» խորագրով: Կլինեն նաեւ մեծ մենահամերգ, շրջագայություններ Կանադա, Ռուսաստան եւ Եվրոպա, իսկ աշնանը մեծ մենահամերգ Լոս Անջելեսում: Աշխատում եմ եւ չեմ դադարում նորություններ ներկայացնել իմ ժողովրդին, երկրպագուներին:
Մանրամասները` Hraparak.am կայքում: