Ազգային ժողովում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն արձանագրել է, որ վերջապես չորս տարի ուշացումով կառավարությունը որոշեց հանրային ծառայողների միասնական վարձատրության օրինագիծ ներկայացնել:
Նա նշել է, որ այս մոտեցումը ՀՅԴ ծրագրային դրույթներից է: «Միանշանակ սա ճիշտ քայլ է ՝ միասնական վարձատրության համակարգ մեկ օրինագծով, որպեսզի հանրային ծառայողների թե վարձատրության, թե պատասխանատվության չափը սահմանվի մեկ օրենքով: Լինելով ընդդիմություն՝ ես չեմ կիսում այն մարդկանց տեսակետը, ովքեր պոպուլիստական հայտարարություններ են անում»,- ասել է նա: Արծվիկ Մինասյանը ավելացրել է, որ եթե հանրային ծառայողին նորմալ չեն վարձատրում, նրանից նորմալ աշխատանք չպետք է ակնկալել: Նա կոչ է արել պատգամավորներին՝ աջակցել, որպեսզի կատարելագործվի կառավարության այս ծրագիրը:
Նշենք, որ այս օրինագծով կառավարությունն առաջին անգամ փորձում է պետական հատվածում աշխատավարձերի բարձրացման միասնական սանդղակ սահմանել:
Էմմա Պալյան