Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում անցկացվող «Վալդայ» համաժողովին անդրադարձել է արցախյան հակամարտությանը, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը՝ պնդելով հակառակը, որ «Ղարաբաղն Ադրբեջանն է»:
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Արցախին վերաբերող կոշտ հայտարարություններ են հնչում, ընդհուպ մինչև պատերազմի սպառնալիքներ, Araratnews.am-ը հարցի շուրջ զրուցեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ՝ լսելու նրա դիրքորոշումը հարցի մասին:
Աբրահամյանը շեշտեց, որ հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի և Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից հնչած հայտարարություններն սկսել են ավելի սուր բնույթ կրել:
«Այդ հռետորաբանության արդյուքը նաև արտահայտվում է սահմանին՝ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սահմանների ուղղությամբ, ինչպես նաև մոտ մեկ շաբաթ առաջ Արցախի ուղղությամբ տեղի ունեցած դիվերսիան, անօդաչու թռչող սարքերի ակտիվությունը, մեր կողմից դրանցից մեկի խոցումը, ինչպես նաև Հայաստանի սահմանների ուղղությամբ, մասնավորապես՝ Տավուշի հատվածում վերջին մի քանի օրերի ընթացքում նկատվող ակտիվությունը: Ես սա անմիջապես կապում եմ ադրբեջանական կողմի հռետորաբանության սրման հետ: Որքան ադրբեջանական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացում կոշտանում է, սահմանին ակտիվացում է նկատվում: Պատահական չէր նաև Ադրբեջանի մեկ այլ առանցքային պաշտոնյայի՝ պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ իրենք երազում են մարտի դաշտում իրենց ցուցադրել, ընդ որում՝ նա նշում էր, որ դա մոտ ժամանակներս է լինելու: Այսինքն՝ դա ուղիղ ազդանշան էր Ադրբեջանի զինված ուժերին առաջնագծում ակտիվանալու առումով: Իհարկե, մասշտաբները տարբեր են և քննարկման այլ թեմա է, սակայն ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն այս պահին պատրաստ չէ բանակցային գործընթացում կառուցողական դիրքորոշում ապահովելու համար, և դա անմիջապես ազդում է սահմանին տեղի ունեցող զարգացումների վրա»:
Հայկական կողմն ինչպե՞ս պետք է արձագանքի այս ամենին. «Որպես կանոն, հայկական կողմը բացի նրանից, որ մշտապես առաջնագծում ապահովում է մարտական հերթապահությունը, փորձում է կանխել հակառակորդի ցանկացած քայլ, որը կարող է նոր վտանգավորություն հաղորդել առաջնագծին: Այդ քայլերից մեկը հետախուզական թռիչքներ իրականացնող, բայց մեր օդային տարածք ներթափանցած, օրինակ՝ անօդաչու սարքի խոցումն էր, ինչպես նաև դիվերսիոն խմբի ներթափանցման կանխումը վաղ փուլում: Այսինքն՝ մենք փորձում ենք վաղ փուլում կանխել հակառակորդի ցանկացած ագրեսիա և ագրեսիայի դրսևորում»,- նշեց նախագահի խորհրդականը:
Իսկ այն, որ Ալիևն այդ արտահայտությունն արեց Սոչիում, և Ռուսաստանն էլ համանախագահող երկիր է, ինչ է կարծում, ռուսական կողմը չպե՞տք է արձագանքի, կամ չարձագանքելու դեպքում մենք ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, Աբրահամյանն արձագանքեց. «Ադրբեջանի նախագահն ինքն էր արձագանքում Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը: Թե Հայաստանն ինչպե՞ս դրան կարձագանքի, ընթացքը ցույց կտա, ես լիազորված չեմ այդ մասին մեկնաբանություններ անելու: Ամեն դեպքում, այն բոլոր քայլերը, միջոցառումները, որոնք ուղղված են մեր մարտունակության բարձրացմանը, իսկ վերջին միջոցառումը խոշոր ռազմավարական զորավարժություններն էին Արցախում և Հայաստանում պետական կառավարման համակարգի ներգրավմամբ, դա այն համարժեք քայլերն են, որ մենք անում ենք որպես պետություններ՝ Արցախն ու Հայաստանը ցանկացած ռեգիոնալ իրավիճակի պատրաստելու համար: Այսինքն՝ այս բոլոր միջոցառումներն ուղղված են կանխելու բոլոր այն գործողությունները, որոնք կարող են հետևել Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հայտարարություններին»:
Իսկ այս պահին հետևելով նրանց ելույթներին՝ կա՞ պատերազմի վերսկսման վտանգ, կարո՞ղ է Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսել, ինչի մասին երազում է այդ երկրի ՊՆ ղեկավարը. «Այն, ինչ տեսել ենք 90-ականների սկզբին, 2016 թ. ապրիլին, բնականաբար երբեք չենք կարող բացառել տարբեր փուլերում, տարբեր մասշտաբի գործողություններ Ադրբեջանի կողմից»,- եզրափակեց նա: