տուն Uncategorized Չեմպիոնները պարգևավճարը չեն ստացել. Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ԿԳՄՍ նախարարին

Չեմպիոնները պարգևավճարը չեն ստացել. Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ԿԳՄՍ նախարարին

240
0

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` արդարություն պահանջելով ծանրորդներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի ու Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրումների առումով:

Ջուլֆալակյանը մասնավորապես նշել է, որ 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Տիգրան Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել, բայց 8 տարի անց մրցակցի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում վերջինս որակազրկվեց, իսկ Տիգրանի բրոնզը 2018-ին փոխարինվեց արծաթով, հետագայում էլ նույն պատճառով Սիմոն Մարտիրոսյանի Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթը փոխարինվեց ոսկով: Մենք ունենք պետական պարգևավճարների համակարգ, որով ըստ նվաճման պարգևավճարներ են ստանում մարզիկները` 10, 15 և 20 մլն դրամ Օլիմպիական խաղերի բրոնզե, արծաթե և ոսկե մեդալների համար համապատասխանաբար:

«Տղաներից մեկը բրոնզից դարձել է արծաթ, մյուսը` արծաթից ոսկի, սակայն այդ 5 մլն դրամ տարբերությունը նրանց չի վճարվել: Ինչպե՞ս անենք, որ եթե միջազգային արենայում արդարությունը վերացել է, մեզ մոտ ևս կարողանանք դա շտկել: Հատկապես, որ երկու տղաներն էլ շատ համեստ են, չտուժեն այդ համեստության պատճառով»,- հարցրել է Արսեն Ջուլֆալակյանը:

Ինչես գրում է  armsport.am-ը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ պետությունն ամեն ինչ կանի` արդարությունը վերականգնելու համար.

«Սիմոնի դեպքում որոշում դեռ չկա, մենք կսպասենք որոշմանը: Բայց այն պահին, երբ որոշումը լինի, կարծում եմ` մեր կողմից այդ անարդարությունը չի լինի, կվերականգնենք արրդարությունը: Վստահաբար` այն գումարը, որը պետությունը հաստատել է, կվճարվի»:

Արսեն Ջուլֆալակյանն ընդգծել է, որ Սիմոնի պարագայում օլիմպիական ոսկին հաստատվել է միջազգային հարթակներում, սակայն մեդալը դեռևս չեն վերադարձրել, ու նաև նշել, որ եթե ուզենք այդ մեդալը կարող ենք ստանալ առաջիկա Օլիմպիական խաղերի ընթացքում` իր բոլոր արարողություններով, դրոշը բարձրանա, հիմնը հնչի:

«Կուզեի հակիրճ անդրադառնալ նաև Տիգրան Մարտիրոսյանին. նա լավագույն օրինակն է մարզիկի և մարդու` կիրթ, դաստիարակված, շատ շնորհքով: Ցավոք, պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո նա մոռացության է մատնվել: Կոչ եմ անում շտկել սխալը»,- ասել է Ջուլֆալակյանը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ջուլֆալակյանի դիտարկումն այնպայման հաշվի կառնվի: