տուն Լուրեր Չգիտես ինչու՝ հակամենաշնորհային հանձնաժողովը չի տեսնում, որ մեր քաղաքը տրվել է մենաշնորհային...

Չգիտես ինչու՝ հակամենաշնորհային հանձնաժողովը չի տեսնում, որ մեր քաղաքը տրվել է մենաշնորհային ընկերության. Կարմիր գծերի դեմ պայքարը շարունակվում է

100
0

g_image (2)

«Կառավարության կողմից մեր շարժման ընթացքը նսեմացնելու քայլերն իզուր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Արմեն Եփրեմյանը:

«Մեր պահանջներից որևէ մեկը մինչ այսօր չի բավարարվել: Եթե սահմանվել է, որ հինգ րոպեի փոխարեն 15 րոպե կարող եք անվճար կայանել, չի նշանակում, որ կատարել են մեր պահանջը: Մենք, ի սկզբանե, պահանջել ենք կարմիր գծերի վերացում, քանի որ այդ ճանապարհը բոլորինս է: Չգիտես ինչու՝ հակամենաշնորհային հանձնաժողովը չի տեսնում, որ մեր քաղաքը տրվել է մենաշնորհային ընկերության: Մենք շարունակելու ենք մեր պահանջը, մեր ավտոերթերը»,- ասում է նա:

Բացի այդ, նախաձեռնության անդամը նշում է, որ վարորդները չպետք է միանգամից տուգանվեն.

«Վարչական իրավախախտումների մասին օրենքում ասվում է, որ մարդիկ նախ կարող են նախազգուշացվել: Պարտադիր չէ, որ վարորդը տուգանվի»,- նշում է նա:

«Մեր բողոքի ակցիաները բաժանվելու են երկու տեսակի՝ կոնկրետ ավտոերթերով և իրավական դաշտում: Մենք հիմա իրավաբանների հետ մշակում ենք նյութեր, որ ավելի հիմնավորված ներկայացնենք մեր պահանջը»,- ասում է նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը:

Վերջին ավտոերթի ընթացքում ոստիկանական գործողությունների առնչությամբ շարժման մասնակիցները որոշել են հայց ներկայացնել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ: