ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա հնչրեցրած հռչակագրին: Արման Բաբաջանյանը գրում է.
Այսօր Գորիսում կայացած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ապրիլի 5-ի Հանրաքվեի հռչակագիրը, որն իրենից ներկայացնում է քաղաքական գնահատական անցած երեսուն տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Հռչակագրի տեքստի հրապարակումից առաջ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անցած շուրջ երկու տարիներին ինքը մերժել է տարբեր ձևաչափերով այդ քաղաքական գնահատականը հնչեցնելու տարբեր առաջարկները, քանի որ չի ցանկացել, որ դա իրենից ներկայացնի նեղ քաղաքական թիմի դիրքորոշում։
Եվ փաստորեն գտնվել է ըստ էության ամենաարդյունավետ տարբերակը՝ անցած երեք տասնամյակներին քաղաքական գնահատական տալ համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ այդ գնահատականը կլինի ոչ թե առանձին վերցրած մեկ կուսակցության կամ մի քանի կուսակցությունների, այլ ամբողջ ժողովրդի գնահատականը անցած երեսուն տարիներին։ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հռչակագրի նախագիծը համապարփակ է ու համալիր և ըստ էության պարունակում է բոլոր այն առանցքային ուղղությունները, որոնց վերաբերյալ անհրաժեշտաբար պետք է տրվի քաղաքական գնահատական։
Չափազանց կարևոր է հռչակագրում ընտրությունների վկայաբերումը, ինչը նշանակում է, որ այս հռչակագրով մենք քաղաքական գնահատական ենք տալիս նաև անցած տասնամյակներում պետության զավթման գործընթացին։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ անցյալին գնահատական տալով մենք մեկառմիշտ բացառում ենք ապագայում որևէ իշխանության, որևէ պաշտոնյայի, որևէ Սահմանադրական դատարանի կողմից պետության զավթման հնարավորությունը։ Այս իմաստով հրապարակված հռչակագիրը ոչ միայն ու ոչ այնքան անցյալի, որքան ապագայի, վաղվա Հայաստանի մասին է, քանի որ անցյալին համարժեք գնահատական տալով է միայն հնարավոր ճանապարհ հարթել ապագայի համար։
Անցյալին, պետության զավթմանը իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին ես խոսել եմ հեղափոխությունից անմիջապես հետո, խոսել եմ շուրջ երկու տարի և չափազանց ուրախ եմ, որ իշխանությունն ի վերջո քաղաքական կամք գտավ իր մեջ այդ կարևորագույն քայլը կատարելու համար։ Սա չափազանց էական, սկզբունքային, հիմնարար քայլ է նոր Հայաստանի կերտման, որակապես նոր պետության կայացման համար։ Ու խորհրդանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հռչակագրի տեքստը ավարտվում է հետևյալ նախադասությամբ՝ «2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական և տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների և պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»։ Սա նշանակում է, որ ապրիլի 5-ի հանրաքվեին ԱՅՈ ասելով և ընդունելով Հանրաքվեի հռչակագիրը՝ մենք փակում ենք անցյալի էջը և դադարեցնում ենք ներկայի և անցյալի միջև անպտուղ, անօգուտ բանավեճը, որով արդեն երկու տարի լցված է մեր քաղաքական օրակարգը։ Այս հռչակագրի ընդունմամբ մենք բացում ենք ապագայի Հայաստանի օրակարգն ու էջը, որը լինելու է նոր գաղափարների, նոր մտքերի ու ծրագրերի, նոր նախաձեռնությունների ու ձեռնարկումների էջ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ՀՀ քաղաքացիների։
Հ. Գ. Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հանրաքվեի հռչակագրի նախագիծը՝ տեղեկացնելով, որ դրա հետ կապված առաջարկներ կարող են ուղարկվել «Այո»-ի շտաբին մինչև մարտի 31-ը, և որ փաստաթղթի վերջնական տեքստը կհրապարակվի ապրիլի 2-3-ին: Թեև հրապարակված հռչակագրի տեքստը համընդգրկուն է և համարժեք, այդուհանդերձ չեմ բացառում, որ ես ևս կներկայացնեմ որոշակի առաջարկներ։