Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է
1937 թվականի նոյեմբերի 27-ին Երևանի բանտում մահացավ Եղիշե Չարենցը: Սակայն մինչ օրս էլ պարզ չեն Չարենցի մահվան հանգամանքները։ Վարկածներից մեկի համաձայն, Չարենցն սպանվեց կոմիսար Խաչիկ Մուղդուսու անմիջական հրամանով և ներկայությամբ: Գուցե ժամանակներն էին այդպիսին, երբ ոչնչացվել էին բոլոր արժեքները, բոլշևիկյան մառազմը մտել էր յուրաքանչյուր ընտանիք, երբ հերոսներ էին սեփական հորը սպանած պավլիկմորոզովները, բայց ժամանակը ցույց տվեց, որ ցավոք սրտի, Չարենցին սպանողները կենդանի են մինչև օրս:
Կենդանի է այն տեսակը, որը կարող է սպանել, ոչնչացնել այն ամենն՝ ինչը նվիրական է, ինչը արժեք է ու ազգային հարստություն: Այսօր մենք շատ հեշտությամբ կարող ենք հավասարության նշաններ դնել մուղդուսիների և քաղաքացիներին խոշտանգող ոստիկանների միջև, քաղաքական պատվեր կատարող դատավորների միջև, նորօրյա պալատական մտավորականության և գևորգաբովների միջև, որովհետև նրանք Խաչիկ Մուղդուսու սերունդն են, ով կարող էր ծխախոտը հանգցնել չարենցյան պայծառ ճակատին, կարող էր խոշտանգել ու սպանել Թոթովենցին: Հենց այս սերունդն է, որ մնացել է մեր ներքին քաղցկեղային խոցն ու թշնամին, այն թարախապալարը, որը հեռացնելու դեպքում միայն կարող ենք դանդաղ ու երկար բուժել մեր վերքերը: Անկախությունից հետո էլ ավաղ, մենք տեսանք, որ դեռ չենք կարողանում արմատախիլ անել մեր միջից մուղդուսիականությունը:
Ի վերջո Վարդգես Պետրոսյանն էլ սպանվեց անկախ երկրում, ոչ բոլշեւիկների կողմից: Սա վկայությունն է առ այն, որ Չարենց սպանողները դեռ մեր կողքին են, հենց նրանք էլ հետագայում կսպանեն Վազգեն Սարգսյան ու Կարեն Դեմիրճյան, հենց նրանց սերունդները կկրակեն սեփական ժողովրդի վրա Մարտի մեկին, որովհետև տասը կամ հարյուր և տասը մարդու կյանքն իրենց համար ոչինչ է: Պատմության հեգնանքով, Չարենց ու Թոթովենց, Բակունց ու Մինաս սպանողները չպատժվեցին, ինչպես չպատժվեցին տասը հայի կյանք խլած ենիչերիները: Սարսափելի է տեսնել, որ Ցեղասպանություն կազմակերպած Թալեաթն ու էնվերը, Ջեմալն ու Նազըմը հենց թուրքական դատարանում, թեկուզ և հեռակա, թեկուզ և ձևական՝ մահվան դատապարտվեցին: Սակայն մեր Թալեաթը մեր մեջ է, նստած է մեր կողքին, մեր հացն է կիսում ու սպանում է , երբ չես քծնում, չես լիզում նրա ոտքերը, երբ թքում ես քեզ գնելու համար նախատեսված 5000 դրամի վրա: Սպանում է ֆիզիկապես, հոգեպես, մտքով, հեռուստացույցով, թերթով՝ ամեն կերպ ու մշտապես հիշեցնում , որ ինքը Չարենց է սպանել ու կսպանի կրկին ու կրկին, որովհետև ինքը երբեք չի հանդուրժել ու չի հանդուրժելու պայծառ ուղեղներ, չի հանդուրժելու Մարդուն և Քաղաքացուն: Նրան ճորտեր են հարկավոր, քանզի իր հոգում ճորտն է նստած: Բայց մեկ է, չարենցներ ծնվում են և դեռ ծնվելու են, ամեն մի սպանված Չարենցի դեմ ծնվելու է տասը Չարենց ու այնքան, մինչև վերջապես արմատախիլ լինեն մեր միջի չարենցասպանները:
Աղասի Մարգարյան