Ռեժիսոր Մհեր Մկրտչյան կրտսերը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«…ևս մեկ մրցանակաբաշխություն գոյություն չունեցող հայ կինոյում ու ինձ կտանեն գժանոց…»: Գրառմանը կից ռեժիսորը ներկայացրել է նաև փոքրիկ տեղեկությունը.
ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԻՆՈԳԻԼԴԻԱՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի միության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, ձեռնամուխ եղավ կինոոլորտի պրոֆեսիոնալ գիլդիաների ձևավորմանը: ստեղծվեցին նախաձեռնող խմբեր, որոնք ձևավորեցին կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոնկարիչների, կինոգետների և կինոլրագրողների և այլ պրոֆեսիոնալ գիլդիաները:
Այս ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, ստեղծվել են գիլդիաների աշխատանքները կարգավորող կանոնակարգեր, կայացել են մի շարք հանդիպումներ, որոնք նպատակ են ունեցել ստեղծել կինոոլորտի ու կինոարտադրության բոլորի կողմից ընդունելի «խաղի կանոններ»:
Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, որի նպատակն է հզորացնել պրոֆեսիոնալ գիլդիաները, ստեղծել անկախ միավորներ, որոնք զգալի դեր և նշանակություն կունենան կինոյի զարգացման գործում:
Օրերս Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կայացավ գիլդիաների ղեկավարների հավաք, որի ընթացքում որոշում կայացվեց ս.թ. ապրիլի 16-ին, հայկական կինոյի օրը, որի մասին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց համապատասխան որոշում, նշել հավուր պատշաճի՝ անցկացնելով նաև պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը:
Մանրամասներն ու անակնկալները՝ շուտով: