Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան անցած շաբաթ Կուբայի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը, որում վերջինս պատրաստակամություն է հայտնում վերացնել Կուբայի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է ուրուգվայական Busqueda գործակալությունը՝ հղում կատարելով նախագահական նստավայրում իր աղբյուրներին։
Ռաուլ Կաստրոյին այդ նամակը փոխանցվել է «G77 + Չինաստան» գագաթնաժողովի ժամանակ, որն անցած շաբաթվա վերջում կայացել է Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում։ Սակայն չի մանրամասնվում, թե ինչ տեսքով է եղել այդ ուղերձը։
Իր հերթին Կաստրոն հետաքրքրություն է ցուցաբերել այս նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել Հավանայի և Վաշինգտոնի մերձեցմանը։ Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն կդադարի ուրիշներին պարտադրել իր կարծիքը։