տուն Լուրեր «Ուրացողը տեղ չունի Հայաստանում». Թուրքիայի ԱԳ նախարարին Երևանում կդիմավորեն բողոքի ակցիաներով

«Ուրացողը տեղ չունի Հայաստանում». Թուրքիայի ԱԳ նախարարին Երևանում կդիմավորեն բողոքի ակցիաներով

199
0

(3)

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին Երևանում կդիմավորեն բողոքի ակցիաներով։ Մասնավորապես ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հայազն» կուսակցությունը և այլ հասարակական ակտիվիստներ որպես պահանջատեր դուրս կգան բողոքի ցույցի։

 

Tert.am-ի հետ զրույցում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ Դավութօղլուին բողոքի ցույցով դիմավորելու աշխատանքներ արդեն տարվում են։ «Այս պահին դեռևս ճշտվում են, թե որտեղ է վայրէջք լիելու, որ ճանապարհով է անցնելու և այլն։ Հստակ ճշգրտելուց հետո արդեն կտեղեկացնենք»,-ասաց նա և նշեց, որ դուրս են գալու փողոց Թուրքիայի ԱԳ նախարին դիմավորելու՝ «Ճանաչում, հատուցում, ուրացողը տեղ չունի Հայաստանում» պահանջներով։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Երևան կայցելի դեկտեմբերի 12-ին` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին։

 

«Հայազն»-ը իր անելիքների մասին կտեղեկացնի ավելի ուշ՝ պաշտոնական հայտարարությամբ»,-ասաց կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը։

 

«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս հստակ չի որոշել՝ դուրս են գալու փողոց, թե՞ ոչ։ «Կքննարկենք այդ հարցը, եթե նպատակահարմար գտնենք՝ կիրականացնենք: Դեռևս որոշում չունենք»,-Tert.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

 

«Հանրապետական» կուսակցության երիտթևը միանշանակ դուրս չի գա բողոքի ակցիայի: Այս մասին մեզ հայտնեց ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանը, ում նույնիսկ զարմացրեց հարցը. «Ինչո՞ւ համար: Այն շրջանակներում, որ գալիս է Դավութօղլուն, չեմ կարծում, որ բողոքի ակցիաներ կկազմակերպվեն ՀՀԿ-ի երիտասարդական միության կողմից։ Միանշանակ կարող եմ ասել, որ ոչ»։

 

Բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով հաճախ է հայտնվում հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական առցանց հակամարտության կենտրոնում, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ որպես անհատ պատրաստ է դուրս գալ փողոց, եթե բողոքի ակցիա լինի ու հիմնավորված։ «Եթե տրամաբանված պահանջներով դուրս գան, երևի ես էլ դուրս կգամ»,-ասաց նա և սեփական տեսակետը հայտնեց. «Մինչև Թուրքիան չընդունի, իր կատարած մեղքերի և հանցագործության համար պատասախան չտա, անիմաստ է նրա հետ որևէ հարաբերություններ կազմելը, մնացածը կտեսնենք»,-ասաց նա։

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն դեպքում հասարակության կողմից բողոքի ձայն հնչեցնելու անհրաժեշտություն տեսնում է, քանի որ, ըստ նրա՝ ՀՀ-ի թշնամի հանդիսացող երկրին անհրաժեշտ է զգուշացնել, որ փոխի իր վարած արտաքին քաղաքականությունը։ Միաժամանակ նա վստահ է, որ քաղաքական նպատակներով այդ բողոքները որևէ բան չեն տա։

Մանրամասները tert.am-ում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here