տուն Հասարակություն Կրթություն Ուսուցիչն ու գիտնականը պետք է լինեն ամենաբարձր վարձատրվող անձինք. պատգամավոր

Ուսուցիչն ու գիտնականը պետք է լինեն ամենաբարձր վարձատրվող անձինք. պատգամավոր

263
0

ԱԺ քառօրյայի ավարտին խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով:

Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրեց իրենց խմբակցության դիրքորոշումը քննարկված և ընդունված մի շարք նախագծերի առնչությամբ, ինչպես նաև հիմնավորեց, թե որ դեպքում են դեմ քվեարկել:

Նա ողջունեց նվազագույն աշխատավարձի բարձրացմանն ուղղված օրինագծի ընդունումը, ինչի արդյունքում այն 55 հազարից դառնալու է 68 հզր դրամ:

Արկադի Խաչատրյանը խոսեց նաև այն առաջարկությունների մասին, որոնք հեղինակել են իրենք և ներկայացրել կառավարությանը:

«Իհարկե, կարևորում ենք մարդկային կապիտալի մասով գիտության ու կրթության բարեփոխումների շեշտակի փոփոխությունները: Ուսուցիչն ու գիտնականը պետք է ամենաբարձր աշխատավարձատրվող անձինք լինեն այս երկրում՝ երկարաժամկետ հեռանկարում, ինչի համար մենք կառավարությանն առաջարկել ենք սահմանել ռազմավարություն՝ մատնանշելով աշխատավարձերի շեշտակի բարձրացում, զուգահեռաբար մեծացնելով նրանց կարգավիճակը, ինչպես նաև՝ պայմանները թե՛ որակական և թե՛ մասնագիտական առումով»,- ընդգծեց ԼՀԿ-ն ներկայացնող պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձն այս տարվա սեպտեմբերից բարձրացել է 10%-ով: Կառավարության ծրագրով նախատեսված՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման մասին որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 5-ի նիստում: