Կառավարության նիստին քննարկման դրվեց Հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը։ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ որոշումով նախատեսում է ուսուցիչների նվազագույն աշխատավարձը դարձնել 108-120 հազար դրամ․ «10 տոկոս աշխատավարձի բարձրացման քաղաքականության դեպքում ուսուցչի նվազագույն աշխատավարձը կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակին»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե նվազագույն աշխատավարձի հստակ սահմանումով ինչ խնդիր է լուծվում։
«Մենք չափը սահմանում ենք, որ այդ բաշխվածությունը չլինի։ Մի դպրոցում դրույքը ամենանվազագույնը հասնում է 80 հազարի, մյուսում՝ 150 հազարի։ Մենք հետզհետե վերանալու ենք այդ հաշվարկային դրույքից»,- ասաց նախարարը։
Հարությունյանը նշեց, որ դպրոցներ կան՝ իրենց ֆինանսական խնդիրները լուծելու համար այդ դրույքից գումարներ են վերցնում տեխնիկական ծախսերը հոգալու համար։ Նա նշեց, որ նախագծով՝ դպրոցներում ուսուցիչների դրույքաչափերը կանխատեսելի են դառնում։
Վարչապետը նշեց, որ նախագիծը կարող է խնդիրներ առաջացնել, որովհետև մայրաքաղաքի և գյուղերի դպրոցներում տարբեր են բեռնվածութուններն ու կրթական մակարդակները։
«Ընենց ոլորտներում մենաշնորհ ունենք, որ չենք կարող պատկերացնել։ Որ ներկրման ոլորտում մենաշնորհ ունենայինք՝ էդ պարզ էր, բայց որ դպրոցական ոլորտում էլ մենաշնորհ լինի, դա արդեն պրոբլեմ է»,- զարմացավ վարչապետը։