Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 1,7 մլրդ դրամ հատկացնել մանկավարժների աշխատավարձերի դրույքաչափերը 10 տոկոսով բարձրացնելու նպատակով։
Քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում ուսուցիչներ կան, որ դեռ ստանում են 25 հազար դրամ աշխատավարձ․ «Ունենք դեպքեր, երբ մեկ դրույքի հաշվարկով ընդունվել է 4-5 ուսուցիչ։ Տարբեր պատճառներով են ընդունվել՝ բարեկամ-ծանոթ խնդրի լուծման համար, ընտրություններում ձայն ապահովելու խնդիրը լուծելու համար, ուղղակի զբաղվածություն ապահովելու համար»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նման տարբերակով ուսուցիչների զբաղվածության ապահովումն ազդում է և՛ մեր երեխաների, և՛ կրթության որակի վրա։
«Մենք պետք է մեզ հարց տանք. եթե ուսուցիչը համաձայնվում է 25 հազար դրամով գնալ աշխատանքի, ի՛նչ պետք է տա մեր երեխեքին»,- ասաց նա։
Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ օբյեկտիվ պատաճառներ կան, որ ուսուցիչը նման ցածր աշխատավարձ է ստանում։