Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այն լուրերը, ըստ որոնց դպրոցներում ստիպում են ուսուցիչներին պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումներ չգրել` հակառակ դեպքում սպառնալով նրանց հեռացնել աշխատանքից: Հովիկ Աբրահամյանը հորդորել էր խոսել փաստերով և ասել, թե որ դպրոցներում են նման պահանջներ դրվում: Վարչապետի այս խոսքը բարկարցրել է Արարատի մարզի գյուղերից մեկի դպրոցի ուսուցիչներին: Ինչպես մեզ հետ զրույցում ասացին ուսուցիչները, այս անօրինականությունը կատարվում է իշխանությունների և, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի գիտությամբ և հովանավորությամբ.«Այս ամենի մասին ոչ միայն գիտեն նրանք, այլ հենց իշխանությունների հրահանգով է իրականացվում այս անօրինականությունը: 20 տարի է աշխատում եմ դպրոցում և հիմա կարող են հեռացնել ինձ դիմում գրելու համար: Մենք ստիպված չենք գրում այդ դիմումները, հակառակ դեպքում ստիպված կլինենք հրաժեշտ տալ մեր աշխատանքին»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը` ավելացնելով, որ դպրոցի տնօրենները ևս ինքնակամ չեմ մասնակցում այս անօրինականությանը.«Դպրոցի տնօրենին էլ են վախեցնում նույն կերպ: Մարզային իշխանություններից դպրոց ներկայացուցիչ էր եկել և հրահանգեց, որ կառավարության պահանջն է, որպեսզի մենք դիմումներ չգրենք, իսկ եթե հրաժարվենք պարտադիր վճարներ կատարելուց, ապա մեզ հետ միասին կազատվի նաև դպրոցի տնօրենը»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:
տուն Լուրեր Ուսուցիչներին սպառնացել են՝ դիմումներ գրելու դեպքում իրենց հետ միասին ազատել նաև տնօրենին