Ուսուբ Բեկը եզդիական Հասընի հայտնի տոհմի 26-րդ առաջնորդն էր: Համաձայն ժողովրդական մեկնաբանության՝ տոհմը կոչվում է Հասընի ամրության, քաջության, ազգային սովորույթներին ու դավանանքին հավատարիմ լինելու շնորհիվ, քանի որ «հասընի» եզդիերեն նշանակում է երկաթյա: Ըստ եզդի ժողովրդի շրջանում տարածված պատումների՝ Բայազետի քուրդ կառավարիչ Բահլուլ փաշան ուզում էր, որ Հասընի տոհմը իսլամ ընդունի և ամեն կերպ ճնշում էր եզդիներին: Բահլուլը հասընիներից պահանջում է 12 հազար ոչխար, որպեսզի դրանց կաթով շաղախ արվի ու վերակառուցվի պատերազմի արդյունքում վնասված Բայազետի բերդ-ամրոցը, իսկ մսով սնվեն շինարար-բանվորները: Հասընիները բավարարում են կառավարչի պահանջը, բայց տեսնելով, որ վերջինս շարունակում է ճնշումներն ու ստորությունը, թողնում են Բայազետը, անցնում ռուսական սահմանը և հաստատվում Սուրմալիում: Ուսուբ Բեկի նախնիները՝ Հասան Աղա Ավագը, Հասան Աղա Կրտսերը, Թամըր Աղան /կամ Թեմուր Աղան/, իրենց մասնակցությունն են ցուցաբերել 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձություններին՝ հույս ունենալով ռուսների օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Հասան Աղա Ավագը 1828-1829 թթ. եզդի հեծյալների հարյուրյակով հանդես է եկել ռուսական կողմի հետ ու կռվել է թուրքական զորքերի դեմ: Թամըր Աղան մեծ հարգանք է վայելել ցարական արքունիքում, եղել է իր ժամանակի ամենահեղինակավոր գործիչներից մեկը: 1843թ. Սուրմալուում նրան հանդիպել են Խ. Աբովյանը, Բարոն Ավգուստ Ֆոք-Հաքստհաուզենը: Թամըր Աղայի անունով էլ նրա հետնորդները վերցնում են Թեմուրյանց /ռուսերենով՝ Թեմուրով/ ազգանունը: Ուսուբ Բեկ Թեմուրյանցը ծնվել է Արարատի փեշերին, կրթություն է ստացել հայկական միջավայրում, սովորել Գևորգյան ճեմարանում: Ուսանելու տարիներին ծանոթացել է Կոմիտասի հետ. նրանց մտերմությունը շարունակվել է ողջ կյանքի ընթացքում, ինչի արդյունքում Կոմիտասը մի շարք եզդիական երգեր փրկել է կորսվելուց: Երիտասարդ տարիքից Ուսուբն աչքի է ընկել քաջությամբ, ակտիվությամբ ու ազգասիրությամբ: 1896 թվականից նա եղել է Այսրկովկասի եզդիների առաջնորդը: Ռուսական կայսրության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ուսուբ Բեկը ճանաչված էր իբրև ազնվական վերնախավի ներկայացուցիչ, ով հանդես էր գալիս նաև իր ժողովրդի խնդիրները բարձրացնողի դերում: Հայաստանի առաջին հանրապետության հռչակման նախօրեին Ուսուբ Բեկի գլխավորությամբ կազմվեց Ալաշկերտի հեծյալ գումարտակը /միաժամանակ կազմվեցին նաև եզդիական այլ զորաջոկատներ, այդ թվում Ջհանգիր աղայի եզդիների զորագունդը/: 1917թ. գարնան, ամռան ամիսներին Ուսուբ բեկն իր հեծյալ զորաջոկատով մասնակցեց թուրքերի դեմ մղված կռիվներին, Գարեգին Նժդեհի հետ Կողբում և Ալաջայում մարտնչեց թշնամական հրոսակախմբերի դեմ: Նույն տարվա աշնանը Նժդեհի հետ մեկնում է Թիֆլիս ու ծանոթանում Ավետիս Ահարոնյանի, Արամ Մանուկյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի, Սիմոն Վրացյանի և ուրիշների հետ: Եզդիական զորաջոկատները մասնակցեցին նաև Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին, ինչի համար Ուսուբ բեկը 1918թ. պարգևատրվեց Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանով: Եզդիները հայերի հետ հետ միասին կիսելով օսմանյան կառավարության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, Առաջին աշխարհամարտի դաժանությունները, Թուրքիայի ցեղասպան քաղաքականության ողբերգական հետևանքները, նրա հետ միասին էլ ճաշակեցին նաև Մայիսյան հերոսամարտերի հաղթական բերկրանքը: Ս. Վրացյանը իր հուշագրության մեջ գրում է . «Հայերի չափ և, թերևս հայերից էլ ավելի, եզիդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»: Ուսուբ Բեկը եղել է Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտի 21-րդ պատգամավորը: Հատկանշական է, որ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը իր հուշերում նրան անվանում է «իմաստուն Ուսուբ Բեկ»: 1920թ. սեպտեմբերի 20-ին Ուսուբ Բեկի նախաձեռնությամբ Ալեքսանդրապոլում գումարվել է Հայաստանի եզդիների առաջին համագումարը, որին հանգամանորեն անդրադարձել է ժամանակի հայ մամուլը: Համագումարի նախագահ է ընտրվել Լազոն (Հակոբ Ղազարյան), փոխնախագահ՝ Ուսուբ Բեկը: Համագումարի աշխատանքները տևել են մի քանի օր, և այդ ընթացքում մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել եզդիների կրթություն ստանալու վերաբերյալ: Համագումարը մեծ իրադարձություն էր եզդի ժողովրդի կյանքում: Ուսուբ Բեկը մասնակցել է փետրվարի 18-ին բոլշևիկների դեմ բռնկված համաժողովրդական ապստամբությանը ու հաջորդող կռիվներին: Նա կառավարության հետ անցել է Նժդեհի շնորհիվ անառիկ մնացած Սյունիք՝ Լեռնահայաստան և 1921թ. հունիս-հուլիս ամիսներին 8000 տարագրյալների հետ հայտնվել է Իրանում: Խորհրդային կարգերի վերջնական հաստատումից հետո Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ձեռնամուխ է եղել նաև տարագիրների մի մասի վերադարձին: Խորհրդային Հայաստան վերադառնալոուց հետո Ուսուբ բեկին հանգիստ չէր տալիս բոլշևիկների կասկածամիտ վերաբերմունքը «դաշնակների հետ համագորխակցած» գործիչների նկատմամբ: Շուտով նրան ձերբակալել են. 1929թ. վերջին եղել է դատավարություն, և Ուսուբ Բեկին որոշել են ազատ աքսոր և ուղարկել Գավառ: Մեկուկես տարի անց նրան ազատ աքսորից բերել են Երևան: Ութ ամիս բանտում մնալոց հետո նա տուն է եկել 1932թ. ամռանը: Մահացել է 1934թ. և թաղվել Շամիրամ գյուղի եզդիական գերեզմանոցում: Իր գործունեությամբ Ուսուբ Բեկը կարևոր ներդրում է կատարել հայ-եզդիական բարեկամական կապերի ամրապնդմանը գործում: Կարելի է ասել, Ուսուբ Բեկն առաջին եզդի հասարակական-քաղաքական գործիչն էր, ով իր գործունեությամբ նպաստել է հայոց պետականության վերականգնմանն ու հզորացմանը և հայկական պետության գոյության և ամրության մեջ է տեսել եզդի ժողվորդի խաղաղ ու ապահով կյանքը: 2012թ. հրատարակվեց լրագրող, բանաստեղծ Մանուկ Մուրադյանի «Ուսուբ Բեկ» գիտահանրամատչելի աշխատանքը: Մ. Մուրադյանի մահից հետո նրա մտերիմներն ու ազգականները Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կազմակերպեցին «Ուսուբ Բեկ»-ի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: Սարդարապատի պատմության թանգարանում առանձնացվել է անկյուն՝ նվիրված Ուսուբ բեկին ու Ջահանգիր աղային և տեղադրվել է Ուսուբ բեկի կիսանդրին:
Թերեզա Ամրյան, ԵՊՀ Իրանագիտության ամբիոն