AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նույնանուն բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն կրթական ծրագրի մագիստրոս, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման եվ հանրային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ Ֆլորա Նիկողոսյանն է:

Ֆլորա, հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի համանուն բաժնի շրջանավարտները կարող են համալրել երկրի դիվանագիտական ապարատը: Ասվածը համապատասխանու՞մ է իրականությանը: Դուք, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտելով հանդերձ, դիվանագետի որակավորում ստացե՞լ եք:
Այն, որ մեր ֆակուլտետի շատ շրջանավարտներ համալրել են մեր երկրի դիվանագիտական ապարատը, միանշանակ ճիշտ է։ Սակայն մեր ֆակուլտետը բազմակողմանի կրթություն է տրամադրում, և մեր շրջանավարտները մասնավոր հատվածում զբաղեցնում են կարևոր պաշտոններ։ Ինչ վերաբերում է դիվանագետի որակավորմանը, ապա ֆակուլտետը ավարտելով, բնականաբար, չենք ստացել նման որակավորում և դա միանշանակ տրամաբանական է։ Դիվանագետի որակավորում կարելի է ստանալ միայն ավարտելով ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան/դպրոցը։
ԵՊՀ միջազագային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնում ուսումնառության չորս տարիների ընթացքում անգլերենին զուգահեռ նաև մասնագիտական երկրորդ օտար լեզու են ուսումնասիրում: Հնարավո՞ր է չորս տավա ընթացքում հավուր պատշաճի տիրապետել մասնագիտական օտար լեզվին: Կասե՞ք, թե երկրորդ մասնագիտական լեզվի ընտրությունն ինչ ընթացակարգով է տեղի ունենում:
Այո, երևի թե մեր ֆակուլտետի առավելությունն է դա, որ սովորում ենք երկրորդ մասնագիտական լեզուն։ Այն կոչվում էր դիվանագիտական գրագրության և հաղորդակցության լեզու։ Չորս տարվա ընթացքում, եթե բացի համալսարանական դասաժամերից ինքնուրույն էլ աշխատես, միանշանակ հնարավոր է հավուր պատշաճի տիրապետել երկրորդ լեզվին։ Իմ մասնագիտական երկրորդ լեզուն պարսկերենն էր, այն ընտրել եմ, քանի որ արևելքը իմ տարերքն է, և հետագայում համոզվեցի, որ այն առաջին հերթին շատ երգեցիկ լեզու է և, ինչպես նշում էր իմ սիրելի դասախոսներից մեկը, այնքան գեղեցիկ է, որ կարող ենք համարել սիրո լեզու։ Առհասարակ, պատահականության սկզբունքով են բաշխվում լեզվի խմբերը, սակայն եթե արդեն իսկ տիրապետում ես տվյալ լեզվին կամ այլ նախասիրություններ ունես, միանշանակ կարող ես փոխել խումբը։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնում ի՞նչ բնույթի առարկաներ եք ուսումնասիրել: Առարկայացանկն ավելի շատ կենտրոնացված էր արտաքի՞ն, թե ներքին քաղաքականության վրա:
Սկզբում արդեն իսկ նշեցի, որ մեզ մոտ կրթությունը իրոք բազմակողմանի զարգացման հնարավորություն է տալիս։ Մենք ուսումնասիրել ենք բնագիտությունից սկսած, քանի որ ապագա դիվանագետը ցանկացած իրավիճակում և թեմաների շուրջ պետք է կարողանա զրուցել։ Այդ առումով երևի թե արտաքին հարաբերությունների վերաբերյալ էին գերակշռող առարկաները, քանի որ պետք է հստակ պատկերացնեինք՝ ինչ բարդ կառուցվածք ունեն միջազգային հարաբերությունները։ Հատկապես հետաքրքիր էին դիվանագիտական արարողակարգին վերաբերող առարկաները։
Ուսանողների մեջ տարածված մոտեցում կա, որ ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի համանուն բաժին ընդունվելն ավելի բարդ է, քան ֆակուլտետի մյուս երկու բաժինները, թեև վերջին տարիներին Հանրային կառավարման բաժնում մրցակցությունն ավելի թեժ է: Համաձա՞յն եք այդ մոտեցմանը:
Կարծում եմ՝ դա ավելի շատ կապված է ԿԳՄՍ-ի կողմից մեր ֆակուլտետ ընդունվելու անցողիկ միավորի ապահովման հետ։ Երբ ես ընդունվում էի, այդ ժամանակ հարկավոր էր 60 հնարավորից 53 միավոր ունենալ։

Ինչպե՞ս որոշեցիք մագիստրոսական կրթությունը քաղաքագիտություն մասնագիտացմամբ շարունակել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ձեր բաժնի շրջանավարտները մագիստրատուրան հիմնականում իրավագիտության կամ համաշխարհային քաղաքականության ուղղվածությամբ են շարունակում:
Պետք է նշեմ, որ կյանքիս կարևորագույն և ճիշտ որոշումներից մեկն էր։ Ճիշտն ասած՝ ինքս կարծում եմ, որ լավ դիվանագետը առաջին հերթին պետք է լինի լավ քաղաքագետ, որպեսզի ճիշտ և հստակ հասկանա քաղաքական գործընթացները և կարողանա նաև ճիշտ կողմնորոշվել։
Հայտնի է, որ միջազգային հարաբերությունները քաղաքագիտության ուսումնասիրման բաժիններից մեկն է: Բա՞րդ էր շրջադարձը դեպի քաղաքագիտություն: Քաղաքական վերլուծաբանի մասնագիտացումն ինչպե՞ս Ձեզ տրվեց:
Քանի որ ինձ արդեն հարազատ ոլորտ էր, դեռևս 2֊րդ կուրսում որոշել էի, որ պետք է ընդունվեմ ՀՀ ՊԿԱ Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոն։ Ուսումնառությունը ակադեմիայում շատ հետաքրքիր էր, ամենակարևորը՝ ինձ կարող եմ համարել մրցունակ կրթություն ստացած մարդ։ Այդ իսկ պատճառով էլ այսօր հանդիսանում եմ նույն ամբիոնի ասպիրանտ։
ՀՀ ՊԿԱ-ում Ձեր կառավարչական ու գիտահետազոտական պրակտիկաները ո՞ր գերատեսչություններում ենք անցել: Մի փո՞քր կխոսե՞ք այդ մասին:
Քանի որ ես ուսումնասիրում եմ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգը, երկու պրակտիկաներս էլ անցկացրել եմ ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության երրորդ (Իրանի) բաժնում։ Անչափ հետաքրքիր էր պրակտիկայի ամբողջ ընթացքը։ Այն շատ օգտակար էր թե թեզ գրելիս և թե հետագա իմ աշխատանքներում։
Ո՞ր ոլորտներում կարող է աշխատել ԵՊՀ միջազգային հարաբերությունների համանուն բաժնի շրջանավարտը:
Մեծամտություն չթվա, բայց բոլոր ոլորտներում։ Այսօր կարող ենք տեսնել մեր շրջանավարտներին բոլոր ոլորտներում։
Մրցունակ քաղաքական վերլուծաբան լինելու համար, նախ և առաջ, անհատն ի՞նչ որակների պետք է տիրապետի:
Ինչպես ասում է սիրելի պրոֆեսոր տիկին Մարգարյանը, ամենակարևորը օբյեկտիվ լինելն է։ Գիտեք, երբեմն շատ բարդ է թվում առերեսվել իրականությանը և իրական խնդիրների մասին բարձրաձայնել, բայց հավատացեք, առանց դրա անհնար է զարգանալ։ Այդ իսկ պատճառով կարևոր է խիղճը չկորցնել և լինել անկողմնակալ, օբյեկտիվ։ Ինչպես նաև մրցունակ լինելու համար պետք է մշտապես լինել արդիական, զարգացնել գիտելիքները և գիտակցել, որ այստեղ ծուլությունը մեծագույն մեղք է։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք այն ուսանողներին, որոնք այլ մասնագիտացում ունենալով հանդերձ, ուզում են իրենց մագիստրոսական կրթությունը ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարում և հանրային քաղաքականության ամբիոնում շարունակել:
Խորհուրդս այն է, որ դիմելով՝ նրանք պետք է գիտակցեն, որ այստեղ պետք է մշտապես կատարելագործվել և շատ կարդալ։ Այս դեպքում էական չէ, թե ինչպիսի բազային կրթություն ունեն, կարևորը՝ թե ինչպես են աշխատում և կատարելագործվում։ Հաջողություն եմ մաղթում բոլոր դիմորդներին և վստահեցնում եմ, որ տարիներ անց նրանք կլինեն նույն կարծիքին։
Օլյա Շահինյան