տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Հասմիկ Գրիգորյան (բանասեր, PR տեխնոլոգ)

Ուսանողը. Հասմիկ Գրիգորյան (բանասեր, PR տեխնոլոգ)

1145
0
Հասմիկ Գրիգորյան

AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ հայ բանսիրության ֆակուլտետի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման եվ հանրային քաղաքականության ամբիոնի քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ կրթական ծրագրի մագիստրոս Հասմիկ Գրիգորյանն է:

Հասմիկ Գրիգորյան

Հասմիկ, կասե՞ք, թե ինչպես ընտրեցիք բանասերի մասնագիտությունը: Հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է հավուր պատշաճի տիրապետել իր մայրենի լեզվին ու հայ գրականությանը: Ձեր կարծիքով, բանասիրությունն ավելի շատ կոչո՞ւմ է, թե՞ մասնագիտություն:

Բանասերի մասնագիտությունն ընտրելը եղել է իմ՝ հայոց լեզուն և հայ գրականությունը շատ սիրելու արդյունքում: Դեռ վաղ տարիքից էի որոշել ընտրել այս մասնագիտությունը, քանի որ մյուս առարկաների համեմատ՝ այս առարկաներին ավելի սիրով ու պատասխանատվությամբ էի մոտենում: Ըստ իս, սեփական լեզվին և գրականությանը լավ տիրապետելը յուրաքանչյուր հայի պարտքն է, որովհետև լեզվից է ձևավորվում ՀԱՅ-ը, անհատը, և այս գործոնն է ազգային ինքնության գլխավոր նախապայմաններից մեկը:

Բանասերի որակավորում ունեցող անհատը մանկավարժական գործունեությունից զատ, ուրիշ այլ ոլորտներում կարո՞ղ է աշխատել:

Միանշանակ կարող է, քանի որ ինչպես նախորդ պատասխանում շեշտեցի, սեփական լեզվին հավուր պատշաճի տիրապետելը յուրաքանչյուրի պարտքն է և ցանկացած ոլորտում աշխատելիս մեծ առավելություն է տալիս: Առիթից օգտվելով ուզում եմ նշել, որ լեզվի և գրականության հանդեպ սերը պետք է սերմանել վաղ տարիքից և պայքարել, որ յուրաքանչյուրի օրվա անբաժան մասը դարձած սոցիալական ցանցերում հաղորդակցվելը չլինի լատինատառ: Կոնկրետ այս խնդրի լուծման դեպքում, ըստ իս, հնարավոր կլինի փոխել իրավիճակը:

Հասմիկ, Ձեզ գոհացնո՞ւմ է դպրոցներում հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման մեթոդաբանությունը: Կրտսեր սերունդն իր մայրենի լեզվին ըստ արժանվույն տիրապետո՞ւմ է:

Քանի որ դպրոցում չեմ աշխատում, գուցե սուբյեկտիվ լինի կարծիքս, բայց, այնուամենայնիվ, շփում ունենալով դպրոցական տարիքի երեխաների հետ, նկատել եմ, որ գրականության նկատմամբ ճիշտ մոտեցում չունեն և չունեն վերլուծական միտք: Կարծում եմ, որ երեխաների մեջ պետք է զարգացնեն վերլուծական մտածողությունը և հնարավորություն տան սեփական ընկալմամբ ամենը ներկայացնեն, այլ ոչ թե պարտադրաբար:

Հասմիկ, քաղաքական ժուռնալիստիկան ինչ-որ տեղ ընդհանրություններ ունի բանասիրության հետ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր լավագույն լրագրողների զգալի մասը բանասերներ են, բացի այդ՝ երկու ֆակուլտետներում առարկայական նմանություններ կան: Իսկ ի՞նչ կասեք PR-ի մասին. PR-ն ու բանասիրությունն ընդհանրություններ ունե՞ն:

Քանի որ ժուռնալիստիկան և PR-ը փոխկապակցված են, այստեղ գրագետ խոսքը, ճիշտ լեզվամտածողութունը գլխավոր նախապայմաններից են, ինչում անժխտելի մեծ է իմ առաջին մասնագիտության դերը:

Հասմիկ Գրիգորյան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում դասավանդվող առարկաներից որո՞նք կարող եք առանձնացնել, որ հատկապես խոր հետք են թողել Ձեր մասնագիտական հոգեկերտվածքի ձևավորման հարցում:

Կոնկրետ առարկա չեմ կարող նշել, բայց 4 տարիների ընթացքում փորձել եմ յուրաքանչյուր առարկայից վերցնել այն, ինչն իմ` որպես անհատ ձևավորվելուն կնպաստի:

Հասմիկ, կարելի է ասել, որ Դուք Ձեր առաջին մասնագիտությամբ չեք շարունակել մագիստրատուրան: Այն անձանց, ովքեր բազային քաղաքագետներ չեն և ցանկանում են իրենց մագիստրոսական կրթությունը ստանալ ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման եվ հանրային քաղաքականության ամբիոնում, ի՞նչ կարևոր խորհուրդներ կտաք:

Գլխավոր խորհուրդս այն է, որ չբավարարվեն 4 տարիների ընթացքում ստացածով, իրենց միշտ համեմատեն նախորդ օրվա ԵՍ-ի հետ, բացահայտեն իրենց նորովի, չվախենան նոր ոլորտում ուժերը փորձելուց: Իմ օրինակով հավատացնում եմ, որ ՀՀ ՊԿԱ-ն լուրջ դերակատարում ունեցավ իմ աշխարհընկալման գործում և նոր անձ կերտեց:
 
Հասմիկ Գրիգորյան

 

 
Հասմիկ, կասե՞ք, թե ինչ հիմնական դասընթացներ եք անցել ՀՀ ՊԿԱ-ում, որոնք Ձեզ նախապատրաստել են պետակական համակարգում աշխատելուն:
 
ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի յուրաքանչյուր դասախոս իր զգալի ազդեցությունն ունեցել է մասնագետ ձևավորելու գործում: Բայց կուզենայի առանձնացնել հատկապես քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի և նույն ամբիոնի դասախոս Արմեն Զաքարյանի հետ ուսումնասիրած դասընթացները, քանի որ երկու դասախոսներն էլ իրենց առարկաների շրջանակում, ձգտել են յուրաքանչյուրի մեջ ձևավորել վերլուծական մտածողություն, ինչը քաղաքագետի գլխավոր արժանիքներից է:
 
Ասում են, որ բուհերում բարձրագույն կրթություն տալուց զատ, նաև, որպես այդպիսին, անհատներ են կերտում ուսանողից: Ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ ՀՀ ՊԿԱ-ի պարագայում ասվածը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
 
Ինչպես նախորդ պատասխաններում էի նշել, բնականաբար, յուրաքանչյուր դասախոս, յուրաքանչյուր դասապրոցես իր ուրույն ազդեցությունն է ունենում անհատ կերտելու, անհատ ձևավորելու հարցում, բայց այս ամենը լիարժեք է լինում այն դեպքում, երբ յուրաքանչյուր ուսանող պատրաստակամ է աշխատել իր վրա, ընդունել դիտողությունները, քննադատությունները: Միայն այդ պարագայում է, որ մարդ կարող է փոխվել, դառնալ ավելի լավը և ամենակարևորը՝ դառնալ լավ մասնագետ:
 
Հասմիկ Գրիգորյան
Հասմիկ, ինչպես ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, այնպես էլ ՀՀ ՊԿԱ ընդունվողներին, որպես փորձառու ուսանողուհի, ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք:
 
Բոլոր դիմորդներին խորհուրդ եմ տալիս իրենց մասնագիտությունն ընտրեն սիրելով, քանի որ ինչպիսի վերաբերմունք ու մոտեցում ցույց ես տալիս մասնագիտությանը, այդպիսի վերաբերմունք էլ ստանում ես նրանից: Ուստի պետք է սիրել մասնագիտությունը և նպաստել այդ ոլորտի զարգացմանը:
 
Մի փոքր կխոսե՞ք ինչպես մանկավարժական, այնպես էլ կառավարչական պրակտիկայի մասին: Ի՞նչ գործնական հմտություններ եք ձեռք բերել պրակտիկայի ընթացքում:
 
Այդ առումով ուզում եմ առանձնացնել հատկապես կառավարչական պրակտիկան, քանի որ այն հնարավորություն տվեց գիտելիքներս կիրառել տվյալ ոլորտում, և այդ մեկամսյա պրակտիկայի ընթացքում ես հնարավորություն ունեցա շփվել փորձառու մասնագետների հետ, նրանցից վերցնել այն կարևոր և անհրաժեշտ հատկանիշները, որոնք հետագայում կօգտագործեմ իմ մասնագիտական պրակտիկայում:
 
Օլյա Շահինյան