AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
Մեր զրուցակիցը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիա Ավետիսյանն է:
Լիլիա, ծնողների մի ստվար զանգված հաստատակամորեն ցանկանում է, որ իրենց երեխան հենց բժշկի մասնագիտությունն ընտրի: Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել. Դո՞ւք եք ընտրել բժշկի մասնագիտությունը, թե՞ ծնողները:
Բժշկի մասնագիտության ընտրությունը եղել է ծնողներիս խորհրդով, նրանց ուղղորդմամբ, բայց վերջնական, պատասխանատու որոշումը կայացրել եմ ինքս՝ հասկանալով, թե ինչ ճանապարհ պետք է անցնեմ:
ԵՊԲՀ-ում ավելի շատ տեսակա՞ն, թե՞ կիրառական գիտելիքներ եք ստանում: Ձեր ստացած տեսական գիտելիքները որտե՞ղ եք հիմնականում կիրառելի դարձնում:
Համալսարանում առաջին տարիներին գերակշռում է տեսական գիտելիքների ստացումը, ապա տեսական և կիրառական մասերը հավասարվում են իրար, բայց չկա կլինիկայում որևէ կիրառական հատված, որը չպահանջի խոր թեորիա, այսինքն՝ թե տեսական, թե կիրառական գիտելիքները ստանալը հավասարազոր են և կարևոր:
ԵՊԲՀ-ում հավուր պատշաճի սովորելու համար կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա առարկաների լավ իմացությունը միայն բավարա՞ր է:
Եթե խոսքը համալսարան ընդունվելու և համալսարանում սկզբնական փուլը հաղթահարելու մասին է, ապա այո, բավական է: Բայց նաև շատ կարևոր է, թե ինչպես են դիմորդին տրվում այդ առարկաները. անասելի մեծ է իմ ուսուցիչների (ընկեր Գևորգյանի և Մայիլյանի) դերը, որոնք ինձ ստիպեցին սիրել հիմք հանդիսացող առարկաները: Առանց սիրելու՝ բացառվում էր իմ Բժշկական ընդունվելը:

Լիլիա, Հայաստանում ստեղծված կորոնավիրուսային համավարակի պայմաններում ԵՊԲՀ մի շարք ուսանողներ որոշեցի կամավորական գործունեությամբ զբաղվել: Կասե՞ք, թե ինչպես կայացրիք այդ պատասխանատու որոշումը:
Առանց երկար-բարակ մտածելու ու առանց երկմտելու: Տեսա Ազգային Բժշկական Պալատի հայտարությունը, որ կամավորներ են անհրաժեշտ, մի խումբ ներգրավված ընկերներիս, և անվարան մեկնեցի առաջնագիծ (այո, սա մեր առաջնագիծն է, որ պարտավոր ենք պահել ամեն կերպ): Բժշկի մասնագիտությունն ընտրելն արդեն իսկ կամավորություն է ենթադրում (դու պիտի լինես մարդու կողքին ամենաօրհասական պահին):
Կպատմե՞ք Ձեր կամավորական գործունեությունից:
2 ամսվա ընթացքում հասցրել եմ տարբեր պրոֆիլների կամավորություն կատարել: Մեկուսացված/կոնտակտավոր քաղաքիցների խնամքից ընդհուպ նրանց տվյալների մուտքագրում:

Ինչպե՞ս Ձեր ծնողներն ընդունեցին այդ որոշումը:
Դժվարագույնս: Անհանգիստ են իմ ապահովության համար, բայց իրենք էլ են գտնում, որ իմ ճիշտ տեղը այսօր այստեղ է` իմ ժողովրդի կողքին:
Բժշկի մասնագիտությունն ընտրող անհատը, նախ և առաջ, ի՞նչ մարդկային որակների պետք է տիրապետի:
Մարդասիրություն, խիղճ, հարգանք յուրաքամչյուր անհատի հանդեպ:
Ի՞նչ խորհուրդ կտաք այն դիմորդներին, որոնք ուզում են ԵՊԲՀ ընդունվել:
Լինել անկեղծ սեփական ես-ի հետ. ձեզ հարց տվեք՝ արդյոք պատրաստ եք ամբողջ կյանքում ուրիշների կյանքի համար պատասխանատվության կրել: Եթե այո, ապա բարի գալուստ ԵՊԲՀ: Մնացած հարցերը, վախերը հաղթահարելի են:

Ձեր կարծիքով՝ բժշկությունն Աստծո կողմից մարդուն տրված շնորհ է, թե՞, այնուամենայնիվ, մեծ աշխատասիրության դեպքում հնարավոր է կոմպետենտ բժիշկ դառնալ:
Աստծու կողմից շնորհ է մարդասիրությունը, խիղճը, յուրաքանչյուր անհատի հանդեպ հարգանքը: Գումարեք այդ ամենին մեծ աշխատասիրություն, ամեն ինչ կստացվի:
Օլյա Շահինյան