տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Գոհար Սարգսյան (լուսանկարներ)

Ուսանողը. Գոհար Սարգսյան (լուսանկարներ)

2853
0
Գոհար Սարգսյան

AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրանտ Գոհար Սարգսյանն է:

Գոհար Սարգսյան

Դպրոցական կյանքից՝ համալսարան, համալսարանից՝ աշխատանքի անցումը դյուրին էր, թե՞ բարդ։

Գյուղից՝ քաղաք, դպրոցից՝ համալսարան, ոչ միայն բարդ էր, այլև պատասխանատու։ Մարդիկ կարծրացած մտածելակերպ ունեն գյուղի ու քաղաքի մասին։ Կարևոր եմ համարում ասել, որ կրթական հատվածում այդ երևույթն այնքան ակներև չէր, որքան արդեն աշխատելիս, ես սա բացատրում եմ նրանով, որ մեր սերունդն ավելի զարգացած է։ Ես բոլոր կարծրատիպերը կոտրելու ցանկությամբ միշտ հպարտությամբ բարձրաձայնում եմ՝ «Ես ծնվել  ու ապրում եմ գյուղում, որն ինձ համար հպարտություն է»։

Գոհար Սարգսյան

Գոհար, հասարակության մեջ լայն տարածում գտած մի կարծիք կա, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն ուսումն ավարտելուց հետո երբեք չեն աշխատում իրենց մասնագիտությամբ: Կասե՞ք, թե ինչը Ձեզ շահադրդեց ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժին:

«Մենք բոլորս անկրկնելի ենք»։ Իմ սիրելի գրողներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի խոսքերը տիպիկ բնորոշում են այն իրականությունը, որ մենք չպետք է հասարակության կարծիքի կրողը դառնանք, այլ յուրաքանչյուրս պետք է գծի իր ճանապարհը: Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ մասնագիտության ընտրությունը գերազանց սովորող շատ դպրոցականների համար ուղիղ համեմատական է բուհերում բարձր անցողիկ շեմ ունեցող մասնագիտությունների հետ։ Ես նույնպես բացառություն չէի և, հաշվի առնելով մասնագիտական իմ նախասիրությունները, ընտրեցի ԵՊՀ Միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժինը, քանի որ միշտ մտածել եմ, որ մենք ենք որակում, կամ մենք են համարվում ցանկացած երևույթի կրողն ու ներկայացուցիչը, այդ թվում նաև մասնագիտության. այն կլինի լավ, եթե մենք այն յուրովի ու ճիշտ ներկայացնենք, կունենանք աշխատանք, եթե մենք կրենք տվյալ մասնագիտության բարձր որակները և լիենենք պահանջված աշխատուժ։

Չորս տարվա ուսումնառության ընթացքում հնարավո՞ր է արհեստավարժ քաղաքագետ դառնալ:

Ցանկալի կլիներ, բայց ո՛չ։  Արհեստավարժ քաղաքագետ դառնալու համար 4 տարվա տեսական գիտելիքներին՝ առնվազն 4 տարվա գործնական հմտություններ են պետք։ Ինչը բացակայում է ԵՊՀ-ում, չնայած նրան, որ այն համարվում է «Մայր ԲՈՒՀ»։ Շատ երկրների մայր համալսարանները այս մեթոդով են աշխատում, ինչը մեծացնում է ուսանող-գործատու կապը։

Ֆակուլտետի մատուցած գիտելիքները համապատասխանո՞ւմ են ուսումնառության համար վճարվող վարձին:

Կուզենայի այս հարցին պատասխանեին այն դասախոսները, ովքեր լսարանում անգամ լռություն ապահովել չեն կարողացել, ուրախ եմ՝ նրանք մեր ֆակուլտետում շատ քիչ են եղել։ Իսկ ես հարցին ի պատասխան ասեմ, որ որակյալ մեծամասնության շնորհիվ, ովքեր սովորեցրել են մեզ մտածել (ինչպես իրենք էին ասում), այո, համապատասխանել է, ինչի համար միշտ շնորհակալ եմ եղել։

Ձեր ստացած գիտելիքները բավարարո՞ւմ են շուկայի պահանջները:

Նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, նա մի շատ կարևոր խորհուրդ տվեց. «Դուք կլինենք միշտ պահանջված աշխատող, եթե քայլեք շուկայի պահանջներին համապատասխան, այլ ոչ թե, որպեսզի բարձր վարձատրվեք, առաջինն անելու դեպքում երկրորդը կլինի ինքնըստինքյան»։ Իմ  դեպքում մեծ ձեռքբերում է եղել, ճիշտ ժամանակին մասնագիտական նեղ ուղղվածության ընտրությունը՝ «Քաղաքական PR»-ը։ Իսկ գիտելիքների բավարարումը կախված է, թե որ ուղղությամբ ես գնում և դրանք կիրառում, ես գոհ եմ և կարծում եմ՝ մենք պետք է քայլենք շուկայի պահանջարկին զուգահեռ։

Արդյոք համալսարանական միջավայրը մոտիվացնո՞ղ է էլ ավելի շատ գիտելիքներ ստանալու ուսանողի ձգտման համար:

Իմ մոտիվացիայի աղբյուրը միշտ եղել է կոնկրետ առարկայի նկատմամբ հետաքրքրությունը և դասախոսի որակյալ դասամատուցումը։ Դա էլ պատճառներից մեկն է՝ ոչ բոլոր առարկաներից բարձր գնահատականներ ստանալու։

Գոհար Սարգսյան

Քննական գործընթացն ավելի շատ սուբյեկտիվ է անցկացվո՞ւմ, թե օբյեկտիվ:

Միանշանակ՝ սուբյեկտիվ։ Բացառությամբ սկզբունքային դասախոսների, ովքեր ինձ համար մեծ օրինակ են։

ԵՊՀ-ում ինչպիսի՞ն է ուսանողական կյանքը, ուսանողական ի՞նչ միավորումների եք անդամակցել:

Գերազանց։ Սովորելուն զուգահեռ ակտիվ մասնակցություն եմ ունեցել համալասարանական տարբեր կառույցներում, այդ թվում՝ ԵՊՀ ՈՒԳԸ, ՈՒԽ, «Վարդանանք» ՌՀԴԱ։ Ուսանողական կառույցներին ակտիվ մասնակցությունը, կամավորությունը մասնագիտական հետագա աճի հիմքերից մեկն է։

Որո՞նք են եղել այն հանգամանքները, որ խոչընդոտել են Ձեր բնականոն ուսումնական գործընթացին:

Այդպիսիք չեն եղել։

Գոհար Սարգսյան

Ինչպե՞ս որոշեցիք մագիստրոսական ծրագրի համար ընտրել ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը: Գո՞հ եք արդյոք Ձեր ընտրությունից:

Մեծ ցանկություն ունեի մասնագիտությունս շարունակել հայաստանյան կրթական միջավայրից դուրս, սակայն արդեն ունենալով աշխատանք  և հաշվի առնելով Հայաստանից դուրս միայնակ ապրելու և սովորելու փորձությունը, ընտրեցի մասնագիտությանս մոտ՝ Եվրոպագիտությունը և եվրոպական մեթոդներով դասավանդման ծրագիրը։ Ստանդարտները իսկապես տարբերվող էին՝ որակյալ դասախոսական կազմ, մոտիվացնող միջավայր, թվով քիչ ուսանողներ։ Սակայն ցանկալի կլիներ գործնականի ավելի արդյունավետ գոյությունը։ Սովորելուն զուգահեռ նաև աշխատել եմ և փաստում եմ, որ առավել քան կարևոր է դասախոսների հեռավար կրթության տրամադրումը և ուսանողին աջակցությունը, ինչի պատրաստակամությունը ոչ բոլոր դասախոսներն են ունեցել։ Չեմ կարող չնշել, ինձ համար ԵՊՀ-ի հետ ասոցացվող դասախոսներից մեկին՝ Նարեկ Գալստյանին, որն իր աշխատանքի ու մասնագիտության կրողն է և էտալոնը։ Այստեղ էլ բախվում ենք որակյալ դասախոսական կազմի գոյությանը, ովքեր ստիպում են մտածել, որ ցանկության դեպքում, անգամ Հայաստանում հնարավոր է ունենալ բարձր որակով կրթական միջավայր։

Վեցամյա ուսումնառության ընթացքում բարձրագույն կրթության ոլորտում ի՞նչ հիմնական թերացումներ եք նկատել:

Թերությունների մասին չեմ սիրում խոսել, եթե դրանց լուծումը չի փոխելու իրականությունը։ Սակայն գլոբալ առումով կառանձնացնեմ մեկը, որի բացառումը, ըստ իս, կարևոր ու առաջնային դեր ունի։ Ես դեռ 3-րդ կուրսում աշխատել եմ, ինչի շնորհիվ այժմ ունեմ մի քանի տարվա աշխատանքային փորձ և կարողանում եմ դիմել այս կամ այն պետական հաստիքին։ Սակայն նույնը չեմ կարող ասել այն ուսանողների մասին, ովքեր 6 տարի սովորելուց հետո ոչ միայն չունեն գրանցված աշխատողի փորձ, այլև չունեն մասնագիտական փորձառություն, միայն ու միայն տեսական գիիտելիքներ։ Կրթության նվաճումներից մեկը կլինի տեսականի ու գործնականի համատեղումը, ինչի շնորհիվ շատ ուսանողներ կկարողանան իրենց մասնագիտական հմտությունները կիրառել ի շահ մեր երկրի ու պետականության։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն ուսանողներին, ովքեր մեծ ցանկություն ունեն աշխատելու։

Բոլորը խորհուրդ կտան շատ գրքեր կարդալ և շատ սովորել, իսկ ես կավելացնեմ դրանց կիրառումը, առաջարկում եմ սկսել կամավորական աշխատանքներից, անընդհատ փորձել, չվախենալ այս կամ այն աշխատանքից, մենք չպետք է սպասենք մեր մասնագիտական աշխատանքի հայտնվելուն, մենք պետք է տարբեր տեղեր փորձելով, ընկնելով ու բարձրանալով հասնենք մեր մասնագիտությանը։ Սիրում եմ ասել, որ չափավոր գիտելիքներով ու այդ գիտելիքները ճիշտ օգտագործող մարդը՝ 21-րդ դարի հաղթողն է։

Օլյա Շահինյան