AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
Մեր զրուցակիցը ԵՊՀ քաղաքագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման եվ հանրային քաղաքականության ամբիոնի քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն կրթական ծրագրի մագիստրոս Արմինե Վարդանյանն է:

Արմինե, Հայաստանում տարածված կարծրատիպ կա, որ բոլորը քաղաքականությամբ են զբաղվում։ Կասե՞ք, թե նման հակասական պատկերացումների առկայության պարագայում ինչպես ընտրեցիք քաղաքագետի մասնագիտությունը։
Նախ և առաջ, ուզում եմ ասել, որ մասնագիտության ընտրության հարցում ահռելի է եղել հայրիկիս դերակատարությունը։ Հայրս ըմբոստ, պայքարող տեսակ է և մեզ սովորեցրել է երբեք չհանձնվել, պայքարել արդարության համար։ Մեր տանը միշտ խոսել են քաղաքականությունից, երկրի ապագայից, կրթությունից, և այդ մթնոլորտը պատճառ հանդիսացավ իմ մասնագիտության ընտրության հարցում։ Այո, կա նման մոտեցում, բայց դու կարող ես լինել քաղաքագետ և չզբաղվել քաղաքանությամբ, այլ ուղղակի քո վերլուծական կարողություններով, կանխատեսումներով օգնել առավել լավ պատկերացում կազմել։ Քաղաքագիտությունը որպես տեսություն հրաշալի գիտություն է, սակայն գործնականում, ցավոք, քաղաքականությունը ասոցացվում է ոչ բարոյական արժեհամակարգի հետ։
Արմինե, սովորաբար, այն ուսանողները, ովքեր բակալավրը մի ուղղությամբ են սովորում, մագիստրատուրան առանցքայնորեն տարբերվող ուղղությամբ են շարունակում։ Ձեր դեպքում կարծես թե հակառակն է ստացվել։ Միայն ուսումնական հաստատությունն եք փոխել։ Ինչպե՞ս կատարեցիք այդ ընտրությունը։
Դա պայմանավորված է իմ բնույթով, սիրում եմ փոփոխություններ, ռիսկի դիմել։ Նորի ձգտումն է եղել պատճառը և քաղաքական գիտությունների առավել պրակտիկ դաշտի ուսումնասիրությունը, քանի որ քաղաքագիտությունը իրապես կիրառական գիտութուն է։ Այնուամենայնիվ չեմ փոշմանում, քանի որ կրկին ձեռք եմ բերել մեծ փորձ և մրցակցային կրթություն։
Ո՞ր ոլորտներում կարող է աշխատել քաղաքագիտություն ուսանած անհատը։
Քաղաքագետի մասնագիտությունը բազմակողմանի է, այն մոտեցումը, թե ինչ գործ կարող է գտնել քաղաքագիտություն ավարտած ուսանողը, սխալ է, և ես միշտ ինձանից ցածր կուրսի ուսանող ընկերներիս քաջալերում եմ ասելով, որ ցանկացած ոլորտում, քանի որ մասնագիտությունը բազմակողմանի զարգացած մարդ է դաստիարակում։ ԵՊՀ-ում սովորելու տարիներին ինձ սովորեցրել են, նախ և առաջ, մարդ լինել, չեմ վախենա ասել, որ իմ արժեհամակարգը ամբողջացել է ԵՊՀ-ում ( ըստ իս՝ ընտանիքն է անձի արժեհամակարգի ձևավորման սկզբնաղբյուրը) սովորելու տարիներին։ Քաղաքագետը մարդ-հոգեբան է, արվեստագետ է, ճաշակ թելադրող է, անվերջ կարող եմ թվել…

Քաղաքագիտություն ուսանել ցանկացող անհատը, նախ և առաջ, ի՞նչ որակների պետք է տիրապետի։
Նախորդ հարցում, կարծես, պատասխանեցի, բայց կավելացնեմ քաղաքագետի որակներին սկզբունքայնությունը և երևույթները խորությամբ դիտարկելու կարողությունը։
Արմինե, ներկայումս IT ոլորտում եք աշխատում. քաղաքագիտական կրթությունն ավելի շատ օգնում, թե՞ խանգարում է Ձեզ։
Այո, այլ ոլորտում եմ աշխատում, սակայն պետք է նշեմ՝ միանշանակ օգնում է։ Նախ նշեմ, որ այն կազմակերպությունում, որտեղ աշխատում եմ, միջազգային է, և պարտադիր է լեզուների իմացությունը, և վստահորեն կարող եմ ասել, որ իմ լեզվի իմացության մակարդակը պայմանավորված է ԵՊՀ կրթությամբ և հրաշալի մասնագետներով։ Իմ կրթությունը ինձ հնարավորություն է տվել հեշտ ադապտացվել նոր միջավայրին, թիմում աշխատել և ամենակարևորն է լավ ճանաչել մարդկանց։

ԳԹԿ կայքում, հետևելով ըստ առաջին հայտի ներկայացված դիմումներին, նկատում ենք, որ դիմորդներն ավելի շատ նախապատվությունը Միջազգային հարաբերություններին և Հանրային կառավարման բաժիններին են տալիս։ Ըստ Ձեզ, ինչու՞ է Քաղաքագիտությունը երկրորդվում։
Կարծում եմ, որ ընտրությունը կատարվում է ինֆորմացիոն բացի արդյունքում։ Քանի որ ունեմ ընկերներ, ովքեր ավարտել են Միջազգային հարաբերությունների և Հանրային կառավարման բաժինները և այսօր կցանկանային ժամանակը հետ տալ և ճիշտ ընտրություն կատարել։ Այս երկու բաժինները մեծամասամբ քաղաքագիտության մաս են, և աշխարհի լավագույն համալսարնների համապատասխան ֆակուլտետները կփաստեն դա։
Լավ քաղաքագետ լինելու համար ինչպես ՀՀ ՊԿԱ-ում, այնպես էլ ԵՊՀ-ում հատկապես ո՞ր դասընթացներն է անհրաժեշտ լավ սերտել։
ԵՊՀ-ում կառանձնացնեմ պարոն Ալեն Ղևոնդյանի «Քաղաքական էլիտա և լիդերություն» և պարոն Արամ Թերզյանի «Քաղաքական հոգեբանություն» դասաժամերը՝ մտածելու, ինքդ քեզ հարցեր տալու տեսանկյունից, իսկ Կառավարման ակադեմիայում`տիկին Մարիամ Մարգարյանի «Քաղաքական հերմենևտիկա», պարոն Գուրգեն Սիմոնյանի «Քաղաքատնտեսություն» և պարոն Զալինյան Աշոտի «Հանրային կառավարման հիմունքներ» դասաժամերը` առավել խոր դիտարկումների, ռեալ քաղաքականության և կառավարման ոլորտի հմտությունների դիտարկման տեսանկյունից։
Լավ քաղաքագետ լինելու համար օտար լեզուների իմացությունը պարտադի՞ր է։
Լեզուների իմացությունը պարտադիր է ցանկացած ոլորտում, սակայն հայերենի գերազանց իմացությունը և գրագետ լեզմատածողությունը ամենակարևորն է քաղաքագետի համար։
Բուհերում գործող քննությունների անցկացման ընթացակարգը Ձեզ գոհացնո՞ւմ է։ Ի՞նչ առաջարկություններ կանեիք դրանց անցկացման եղանակի հետ կապված։
ԵՊՀ-ի օրինակով բացարձակ չի գոհացնում, անգիր արածը անվերջ շարադրել, այն պայմաններում, որ կան դասախոսներ, որ կարող են անգամ չկարդալ և ծավալին նայել։ Կարծում եմ, բանավոր պետք է անցկացվեն քննությունները, միայն այդպես է հնարավոր ստուգել ուսանողի իմացությունը, սուբյեկտիվ վերաբերմունքը, ընկալունակությունը։ Այդ առումով կառանձնացնեմ Կառավարման ակադեմիան, որտեղ շեշտը դրվում էր բանավոր քննությունների վրա։
