AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ (բակալավր), «Իրավագիտություն»՝ Քրեական իրավունք և դատավարություն մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Անահիտ Ավդալյանն է:
Անահիտ, հատկապես մեր սերունդը քաջածանոթ է, որ հայ ծնողները բաժանվում են երկու մասի. մի մասը ցանկանում է, որ իրենց երեխան ընտրի բժշկի, մյուսը՝ իրավաբանի մասնագիտությունը: Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել: Ծնողնե՞րն են Ձեզ դրդել, որպեսզի ընտրեք իրավաբանի մասնագիտությունը, թե՞ սեփական նախաձեռնությամբ եք դա արել:
Վստահաբար կարող եմ ասել, որ ծնողներիս հարցում իմ բախտն իսկապես շատ է բերել։ Ինձ համար լավ ծնողներ լինելուց զատ, նրանք սատար են կանգնում, երբ իմ կյանքում կարևորագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է առաջանում։ Իմ առաջին և անփոխարինելի խորհրդատուն հայրս է, միշտ այդպես է եղել։ Եվ ինչն է զարմանալի, որ մեր դիրքորոշումները գրեթե միշտ համընկնում են։ Փոքրահասակ էի դեռ, երբ որոշեցի, որ պետք է իրավաբան դառնամ։ Հետո անցան տարիներ, և ես համոզվեցի, որ՝ այո, ընտրելու եմ իրավաբանի մասնագիտությունը։ Այս մասնագիտությունը ինձ գրավում էր նրանով, որ հենց այս ոլորտում է ամենից շատ հարկավոր արդարություն հաստատել, և ես ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ հնարավորին չափով այդ պատվավոր բեռը վերցնել իմ ուսերին։ Ցանկացած նպատակ ի կատար է ածվում հայրիկիս քաջալերանքի շնորհիվ, և ես շատ ուրախ եմ, որ կյանքի կարևորագույն որոշումներից մեկի՝ մասնագիտության ընտրության հարցում մեր միջև որևէ տարաձայնություն չի առաջացել։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները պետք է քննություն հանձնեն երեք առարկայից. հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն, օտար լեզու: Ի՞նչ եք կարծում, բուհում ուսումնառության տարիներին այդ առարկաների հիմքը օգնո՞ւմ է ուսանողներին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բուհ ընդունվելուց հետո ուսանողները խորությամբ չեն ուսումնասիրում այդ երեք առարկաները:
Երբ խոսքը վերաբերում է իրավաբանությանը, ապա կարող են ասել, որ համալսարանում նշված առարկաների ուսումնառության կարևորությունը հետևյալն է. իրավաբանը պետք է օրենքներ յուրացնի, որոնք անհրաժեշտ է նաև մտապահել, իսկ հայոց պատմություն սերտած նորաթուխ իրավաբանն արդեն ունի որոշակի փորձ. չէ՞ որ ինչպես հայոց պատմություն, այնպես էլ օրենքներ ուսումնասիրելիս անհրաժեշտ է լավ հիշողություն ունենալ և ձեռք բերած գիտելիքն ամրագրել ուղեղում։ Իրավաբանը պետք լինի գրագետ, պետք է իմանա հայերենի ուղղագրական և կետադրական կանոնները, որն ամրապնդվում է հայոց լեզվի ուսումնառությամբ։ Ինչ վերաբերում է օտար լեզվի իմացությանը, ապա կասեմ, որ մեր օրերում յուրաքանչյուր զարգացած անհատ պետք է իմանա մեկ կամ մի քանի օտար լեզու։ Ես համարում եմ, որ էական չէ, թե այս առարկաներն ինչ խորությամբ են ուսումնասիրվում, այլ էական է այն հանգամանքը, որ հենց այս առարկաների իմացության հենքի վրա կարող է ձևավորվել իրավաբան անհատը։

Անահիտ, ի՞նչ եք կարծում, լավ իրավաբան լինելու համար միայն օրենքներին գերազանց տիրապետելը բավարա՞ր է, թե, այնուամենայնիվ, իրավաբան լինելուց առաջ անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել միջանձնային հոգեբանությունը:

