Ինչո՞ւ է ազատվել ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը: Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում անդրադարձավ Տանանյանի պաշտոնանկությանը:
Նախարարն ասաց, որ Տանանյանի պաշտոնանկությունը նման է անցյալ տարի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանի ազատմանը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ անցյալ տարի էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մտահոգ էին Արա Մինասյանի ազատմամբ, քանի որ, ըստ նրանց՝ ազատում են սուպերարդար, գերլավ կառավարչի: Նախարարը համարում է դա աննախադեպ: «Մի հռետորական հարց՝ արդյոք գո՞հ են ուռուցքաբանության ազգային կենտրոնից: Ամենաշատ բողոքներն այդ կենտրոնի մասին էին: Դրանք հիմք դարձան պաշտոնանկության»,- մանրամասնեց կառավարության անդամը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնին վերաբերող մյուս խնդիրը իրանական ներդրողներին է առնչվում: Արսեն Թորոսյանի տեղեկություններով՝ բաժնետոմսերի 50 տոկոսը վերադարձվել է իրանական սեփականատերերին: «Այնպես որ, պաշտոնանկության որոշումը ճիշտ էր: Այդ կենտրոնը զարգանալու է: Բժիշկների համար ավելի լավ պայմաններ են ստեղծվելու: Ոչ մի բժիշկ չի գնալու այդ կենտրոնից: Եթե բժիշկները ԲԿ-ների տնօրենների կամայականությունների պատճառով բոնուսներ չեն ստանում պետպատվերի գումարներից, դիմե՛ք մեզ»,- հավաստիացրեց գործադիր մարմնի անդամը: