տուն Հասարակություն Ում է սպասում Հանրապետության հրապարակը. դարձյալ թափուր արձանատեղի մասին

Ում է սպասում Հանրապետության հրապարակը. դարձյալ թափուր արձանատեղի մասին

873
0

Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո, համազգային շարժման տարիներին Երևանի Հանրապետության հրապարակից ցուցադրաբար հանվեց Լենինի հսկայածավալ արձանը, դա համարվեց շարժման կարևոր քայլերից մեկը: Ապա, հետագա տարիներին քննարկումներ սկսվեցին՝ ինչ արձան կանգնեցնել մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում: Տարբերակները շատ էին ու այժմ էլ քիչ չեն. Քրիստոսից մինչև Տիգրան Մեծ, Սասունցի Դավթից մինչև Հայկ:

Լենինի՝ կոմունիզմի ուրվականից ազատագրվելուց հետո նախկին արձանի այդ հատվածում խոտ աճեցվեց, փոխվեց ամբողջ ամպլուան: Որոշ ժամանակով նշյալ հատվածում տիրականորեն խոյացավ ահռելի Խաչը, ապա դրան փոխարինեց հսկայական էկրանը: Տարատեսակ և իրարամերժ քննարկումները շարունակվում են առ այսօր: Տարածքն իհարկե օգտագործվում է նաև մշակութային միջոցառումների համար, բայց, ինչպես ասում են, իրադարձությունից՝ իրադարձություն: Քաղաքացիներին այժմ էլ հուզում է այն հարցը, թե ինչ նոր կոթող, արձան կտեղադրվի Հանրապետության հրապարակում:

«Կարծում եմ, Հանրապետության հրապարակում պետք է տեղադրվի հայ անվանի քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի կերտած Հայկ Նահապետի արձանը, որ գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Ի դեպ, այս տարի լրացավ լուսահոգի վարպետի ծննդյան 90-ամյակը, մի արվեստագետ, որի ստեղծած կոթողները զարդարում են ոչ միայն Երևանը (Հայկ Նահապետ, Վահագն Վիշապաքաղ, Տորք Անգեղ հանրահայտ քանդակների մասին շատերը գիտեն), այլև հանրապետության տարբեր շրջանները»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճարտարագետ, «Հանուն Հայրենիքի» կազմակերպության նախագահ Ներսես Ներսիսյանը:

ՀՀ ճարտարապետների պալատի (նախկինում՝ Ճարտարապետների միություն) նախագահ Մկրտիչ Մինասյանը Araratnews.am-ի հետ զրույցում բավականին հետաքրքիր տեղեկություն տվեց: «Արձանի տեղադրման համար 90-ականներին մի քանի մրցույթ կազմակերպվեց, բայց այդպես էլ որևէ ցանկալի արդյունք չգրանցվեց: Խաչի մասին բոլորը գիտեն, քանի որ այն որոշ ժամանակ տեղադրված էր, մինչդեռ պատկերացրեք, թե որքան տարբերակներ էինք ուսումնասիրում: Կարելի է ասել, որ առաջարկվող նախագծերի շուրջ 60 տոկոսը կրոնական թեմայով էր, կարծում եմ՝ հենց այդ պատճառով էլ մինչև հիմա ոչ մի արդյունք չունենք»,- նշեց Մկրտիչ Մինասյանը: Ճարտարապետների միության նախագահը պնդում է, թե Հանրապետության հրապարակում արձան տեղադրելու ժամանակը դեռ չի եկել, պահը դեռ չի հասունացել:

«Պետք չէ ամեն գնով, ինչ-որ բան կատարելու համար անպայման մի բան տեղադրել: Հասարակական պահանջը դեռ չի բյուրեղացել, մեր կառույցի օրակարգում էլ նման հարց չկա, և լավ է, որ չկա»,— իր մասնագիտական կարծիքը հայտնեց Մկրտիչ Մինասյանը:

Արդյոք այս հարցը քաղաքապետարանի օրակարգում է, կամ համանման հայտեր ու առաջարկություններ ստանո՞ւմ են: Մեր այս հարցին էլ ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց հետևյալը.

«Պարբերաբար ինչ-որ մասնավոր առաջարկ լինում է, բայց կոնկրետ քննարկում չկա։ Ամեն դեպքում, հաշվի առնելով հարցի կարևորությունը, կարծում ենք, որ Հանրապետության գլխավոր հրապարակում ինչ-որ բան տեղադրելու հարցը պետք է ուղեկցվի լայն հանրային քննարկմամբ»:

Արա Ալոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here