ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվել է, թե հաջորդ տարվա բյուջեով ի՞նչ տեսանկարահանման համար են միջոցներ հատկացվում կառավարության աշխատակազմին: «Գաղտնալսումնե՞ր է անում կառավարությունը, դա ինչ է»,- հարցրել է պատգամավորը: Հնչած հարցին արագ միջամտել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով ընդհատել է պատգամավորին՝ նշելով, թե տեսանկարահանումը գաղտնի չի լինում:
«Ո՞նց գաղտնի չի լինում: Պարոն Գաբրիելյան, արդարադատության նախարարը խանգարում է ինձ»,- բողոքել է է Արծվիկ Մինասյանը:
Վաչե Գաբրիելայնը պատասխանել է, որ տեսանկարահանումը անվտանգությունն ապահովելու համար է: Նա նշել է, որ ի տարբերություն Ազգային ժողովի շենքի և նախագահական նստավայրի, կառավարության շենքն անմիջական հասանելիություն ունի, հետևաբար պետք է տեղադրված լինեն տեսահսկման համակարգեր: Նա նշել է, որ կառավարության բոլոր մասնաշենքերում չորս կողմից ու միջանցքներում տեսահսկման սարքեր կան: «Ցավոք սրտի, մենք չենք ձայնագրում, բայց եթե դուք դրա կարիքը զգում եք, մենք կարող ենք դա քննարկել»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:
Արծվիկ Մինասյանը շարունակել է պնդել, որ այդ աշխատանքի հետ կառավարության աշխատակազմը ոչ մի առնչություն չպետք է ունենա, դա անվտանգության ծառայությունների խնդիրն է: «Ի՞նչ է, կառավարությունում վարչության պե՞տն է նստելու ու հետևելու, թե ինչ է կատարվում կառավարության շենքի մոտ կամ միջանցքներում»,- հարցրել է նա:
Էմմա Պալյան