տուն Քաղաքական Վերլուծական Ուղևորափոխադրողներին ուղղված հաջորդ նախազգուշացումները կհնչեն ԱԺ ամբիոնից

Ուղևորափոխադրողներին ուղղված հաջորդ նախազգուշացումները կհնչեն ԱԺ ամբիոնից

254
0

transport-photolur

Քաղաքային տրանսպորտի ուղևորափոխադրումների սակագնի կարգավորման թնջուկը այդպես էլ ամիսներ շարունակ չի լուծվում: Թանկացման որոշումից հետո հանրության ուժեղ դիմադրությունը ստիպեց Տարոն Մարգարյանին ժամանակավորապես կասեցնել որոշումը: Սակայն ընդամենը կասեցնել և ոչ չեղյալ համարել: Իհարկե, քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, երբ պաշտոնյաների մեծամասնությունը ունեն իրենց բիզնես շահերը կամ գոնե հովանավորվում են նման շահեր ունեցողների կողմից, այլ բան սպասել հնարավոր չէր:

Ստեղծվեց հանձնաժողով, որը իբր պետք է քննարկեր սակագնի և տրանսպորտային համակարգի հետ կապված հարցերը և տար իր եզրակացությունը: Քաղաքապետարանը արեց ամեն ինչ` հանձնաժողովի կազմում ներառելով տարբեր շերտերի վերահսկելի ներկայացուցիչների՝ վերջինիս որոշակի լեգիտիմություն տալու համար: Սակայն հանրության արձագանքի, փաստարկների, հանձնաժողովի որոշ անդամների կողմից վերջինիս անարդյունավետության և իրավական հիմք չունենալու մասին ներկայացված պնդումների հետևանքով հանձնաժողովը իր գործունեությունը շարունակեց լեգիտիմության զրոյական մակարդակով:

Հաջորդ ծուղակը, որը քաղաքապետարանը պատրաստել էր հանրության համար, ազատ գծերը շահագործելու առաջարկությամբ հանդես գալն էր. թե՝ բա եթե կարող եք 100 դրամով շահագործել, եկեք շահագործեք: Սակայն այստեղ ևս հանրության պատասխանը հստակ էր: Նախ քաղաքացիները հիմնականում չմտան այս քննարկման դաշտ, իսկ մտնելու դեպքում էլ ներկայացրին իրենց հստակ պահանջներն ու դիրքորոշումները: Նույնիսկ իրենց առաջարկին արձագանքելու դեպքում ուղևորափոխադրողները չներկայացրին փաստաթղթերի այն փաթեթը, որը պահանջում էին քաղաքացիները ներկայացված գծերը շահագործելու համար:

Հաջորդ քայլը քաղաքային տրանսպորտը սաբոտաժի ենթարկելն ու ուղևորափոխադրողների սպառնալիքներն էին առաջին ձյան դեպքում չաշխատելու կամ դուրս գալու դեպքում քաղաքացիների անվտանգությունը չերաշխավորելու դեպքում: Սակայն գնահատելով առկա քաղաքական ու սոցիալական լարվածությունը, քաղաքապետարան-վարչախումբ-ուղևորափոխադրողներ գրեթե նույնացվող եռյակը հասկացավ, որ այս պահին նման լեզվով հանրության հետ խոսելը վտանգավոր է:

Հիմա էլ փորձ է արվում քաղաքապետարանին և ուղևորափոխադրողներին ներկայացնել որպես հակադիր կողմեր, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանը և վերջինիս քաղաքական թիմի անդամներից շատերը ևս հանդիսանում են ուղևորափոխադրող կազմակերպությունների սեփականատերեր, իրենց լեզվով ասած` գծատերեր: Այս թատերական ներկայացումը հասավ նրան, որ գծատեր Տարոն Մարգարյանը հրահանգեց խստորեն նախազգուշացնել ուղևորափոխադրողներին (գծատերերին) կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները և պատշաճ սպասարկում իրականացնել:

Տարոն Մարգարյանին այս իրավիճակում կփրկի միայն պաշտոնաթողությունը կամ առնվազն իր փիառ մասնագետներին փոխելը, քանի որ հանրային ընկալման մեջ վերջինիս ցանկացած նախաձեռնություն դառնում է ծիծաղի առարկա:

Սպասելի է, որ առաջիկայում նման նախաձեռնությամբ հանդես կգա նաև Գալուստ Սահակյանը` ԱԺ ամբիոնից նախազգուշացումներ և սպառնալիքներ տեղալով իր ուղևորափոխադրող կոլեգաների գլխին:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here