տուն Քաղաքական Վերլուծական Ուղերձներ Ադրբեջանին` Հայաստանի միջոցով

Ուղերձներ Ադրբեջանին` Հայաստանի միջոցով

271
0

putin&aliev

ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հանդես է եկել բավական ուշագրավ հայտարարությամբ, համաձայն որի՝ «եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, ապա այդ ժամանակ կարող է քննարկվել ԼՂ-ի` Մաքսային միություն մտնելու հարցը»:

Այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հայաստանը կարող է միանձնյա հսկայական առաջընթաց ապահովել Ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում: Այլ կերպ ասած՝ եթե Ղարաբաղի ճանաչումից հետո Մաքսային միությանն անդամակցելու հարց կարող է դրվել, ապա ստացվում է, որ Մաքսային միության անդամ երկրները նույնպես ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ: Ներկա պայմաններում սա բնականաբար ֆանտաստիկայի ժանրից է և այստեղ արդեն հարց է առաջանում, թե ինչու են վերջին շրջանում տարբեր ռուս պաշտոնյաներ ու դիվանագետներ հանդես գալիս այսպես ասած՝ հայանպաստ հայտարարություններով: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին էր հայտարարել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման պարագայում ռուսական զինված ուժերը կկիրարկեն ՀԱՊԿ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները:

Այսօրինակ հայտարարությունները ներկայումս առնվազն տարօրինակ են, քանի որ ինչպես արդեն հայտնի է, առաջիկայում կայանալու է Սարգսյան-Ալիև հանդիպումը: Հավատալ, որ այդ հանդիպումից առաջ «եղբայր»  ռուսները հաղթաթղթեր են շնորհում Սերժ Սարգսյանին՝ առնվազն միամտություն կլինի, քանի որ ոչ վաղ անցյալում Ռուսաստանը մեծ քանակաությամբ  հարձակողական զինտեխնիկա վաճառեց Ադրբեջանին:  Ամեն դեպքում, այն պարզ ճշմարտությունը, որ Ռուսաստանին միշտ և ցանկացած պարագայում հուզում է իր շահը՝ ակնհայտ է և բնական:

Նման պայմաններում ընդամենը կարող ենք ենթադրել, որ հերթական անգամ Ռուսաստանը փորձում է օգտագործել Հայաստանին `Ադրբեջանի վրա ինչ-ինչ ճնշումներ բանեցնելու համար: Այս տեսանկյունից հատկանշական էին նաև վերջերս Մոսկվայում Եգոր Շչերբակովի սպանությունից հետո սանձազերծված ազգայանական տրամադրություններն ու հակաադրբեջանական հիստերիան Ռուսաստանում: Այն փաստը, որ ազգայանական տրամադրությունները Ռուսաստանում ղեկավարվում են իշխանական ամենաբարձր օղակներից՝ կասկած չի հարուցում որևէ մեկի մոտ, ուստի Կովալենկոյի  հայտարարության համատեքստում էլ կարող ենք ենթադրել, որ առկա է ռուսական կողմի ուղերձը  Ադրբեջանին:

Սա հերթական վկայությունն է նրա, որ, անկախ ամեն ինչից, Ռուսատանը փորձում է օգտագործել Հայաստանին՝ որպես խամաճիկի, ինչը հաջողությամբ ստացվում է` հիմնականում պայմանավորված  հայաստանյան իշխանությունների անարդյունավետ ու ամորֆ գործունեությամբ: Հայաստանյան իշխանությունների ոչ ադեկվատության  ապացույցն է նաև այն խանդավառությունը, որն առաջացնում է ռուս որևէ չինովնիկի՝ արտաքուստ հայամետ հայտարարությունը` կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here