տուն Քաղաքական Ուկրաինացի պատգամավորին արգելել են մուտք գործել Հայաստան

Ուկրաինացի պատգամավորին արգելել են մուտք գործել Հայաստան

214
0

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի սահմանապահներն իրեն արգելել են մուտք գործել երկիր՝ Ռուսաստանի պահանջով:

Օրենսդիրի խոսքով, լույս մայիսի 1-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում հայաստանցի սահմանապահները մանրամասնել են, որ ինքը «անցանկալի անձ» է երրորդ երկրի համար, չեն նշել այդ երկրի անվանումը, սակայն հրաժարվել են թույլատրել պատգամավորին մուտք գործել Հայաստան:

Երկուսուկես ժամ օդանավակայանում անցկացնելուց հետո Նայեմը, ի վերջո, կարողացել է հատել սահմանը՝ Երևանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների ու երևանյան միջոցառման կազմակերպիչների ջանքերի շնորհիվ:

«Երկու հնարավարություն ունենք մուտք գործել որևէ երկիր՝ դիվանագիտական ու սովորական անձնագրով: Այս այցը պաշտոնական չէ, և այստեղ չեմ ներկայացնում Ուկրաինայի խորհրդարանը: Հրավերն ուղարկել էին մեր գործընկերները, ուստի, այստեղ եկա սովորական անձնագրով և այն ներկայացրեցի սահմանապահին: Երկար ստուգում էր փաստաթղթերս, հետո հայտարարեց, որ իմ անվան դիմաց նշում կա, թե չի կարելի մուտք գործել Հայաստան: Հարցրեցի՝ ինչու՞, ասացին՝ գրված է «անցանկալի անձ»: Իրենց համակարգչում կարմիրով գրված էր՝ «անցանկալի անձ»: Այնուհետև, այդ սահմանապահը հեռացավ, որոշ ժամանակ անց վերադարձավ ևս երկու հոգու հետ, նրանք սկսեցին հարցնել՝ ինչո՞ւ եմ եկել Հայաստան, ո՞վ եմ ես, ինչո՞վ եմ զբաղվում: Հետո կրկին գնացին, որոշ ժամանակ անց վերադարձան և ասացին՝ շատ կներեք, բայց Հայաստանը չէ, որ արգելում է ձեզ մուտք գործել, այլ առկա է երրորդ երկրի խնդրանք: Թե ո՞ր երկրի, ինձ չասացին, փոխարենը սկսեցին հարցնել միգուցե ե՞ս կարող եմ ենթադրել, թե որ երկրի մասին է խոսքը, միգուցե հասկանու՞մ եմ, թե որ երկիրը կարող է նման խնդրանք ներկայացնել: Ասում էի՝ չեմ պատկերացնում»:

Մուստաֆա Նայեմը Երևան է ժամանել՝ մասնակցելու Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի կողմից կազմակերպած հակակոռուպցիոն միջազգային քննարկմանը:

«Դեռ երկար նստեցի միգրացիոն ծառայությունում, որից հետո ինձ միացան Հայաստանում Ուկրիանայի հյուպատոսության աշխատակիցները, երևանյան միջոցառման կազմակերպիչները: Փաստաթղթղերն էին ստուգում, և մոտ երկուսուկես ժամից ինձ թույլատրեցին մուտք գործել Հայաստան: Հետո ես տեղեկացա մեր հյուպատոսությունից, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև կա կոորդինացիա անցանկալի անձանց գծով: Ես Ռուսաստանի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում եմ, և, ենթադրում եմ, այդ պատճառով էլ ինձ արգելում էին մուտք գործել Հայաստան: Որքան հասկանում եմ, սա առաջին դեպքը չէ: Մինչև այս եղել են նման պատմություններ մեր այլ պատգամավորների հետ, որոնք եկել են Երևան՝ մասնակցելու տարբեր միջոցառումների, և նրանց հետ կապված ևս հարցեր են եղել, որ նրանք «անցանկալի անձինք» են: Ավելի ուշ տեղեկացա, որ Հայաստանի սահմանային անցակետում հայաստանցիների հետ համատեղ ծառայություն են անցկացնում նաև Ռուսաստանի Անվտանագության դաշնային ծառայության աշխատակիցները»:

«Ազատությունը» դիմել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն՝ մեկնաբանություն ստանալու նպատակով: Դեռ պատասխան չունենք:

Հայաստանի Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը արձագանքել է տեղի ունեցածի վերաբերյալ Մուստաֆա Նայեմի ֆեյսբուքյան գրառմանը․ — «Հարգելի Մուստաֆա Նայեմ, պատգամավորական իմ իրավասությունների շրջանակում իրավուքն ունեմ միայն իմ անունից հայցել Ձեր ներողամտությունը և ափսոսանք հայտնել Հայաստան Ձեր՝ մուտքի հետ կապված խնդրի վերաբերյալ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here