Գերմանական Deutsche Welle-ն մեծ անդրադարձ է կատարել Կիևի` եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը։
Խմբագիր Բերնդ Յոհանը գրում է, որ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ Ուկրաինան դադարեցնում է Ասոցացման պայմանագրի ստորագրումը։ Բացի այդ, խորհրդարանն էլ իր հերթին մերժեց Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու օրինագիծ ընդունել։
Մի քանի տարի շարունակ Բրյուսելը հարյուրավոր էջանոց փաստաթուղթ է մշակել պաշտոնական Կիևի հետ։ Դրան միայն ստորագրություններն էին պակասում։ Սակայն Կիևում հանկարծ սկսեցին խոսել ազգային շահերի վերաբերյալ, որոնք պահանջում են Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում։ Ուկրաինան նույնիսկ հրավիրեց Մոսկվային՝ մասնակցել Եվրամիության հետ բանակցություններին։ Պարզ է, որ Ուկրաինան չկարողացավ դիմադրել Մոսկվայի ճնշումներին։
Մեկ օր չէր, որ նման տենդենց նկատվում էր։ Երկրի իշխանությունը երկակի խաղ էր վարում կողմերի հետ։ Իսկ խորհրդարանական քննարկումները միայն շեղող քայլ էին։ Այն ժամանակ, երբ Կիևը խոսում էր Տիմոշենկոյին ազատ արձակելու հատուկ օրենքներ ընդունելու մասին, Յանուկովիչը հանդիպումներ էր անցկացնում Վլադիմիր Պուտինի հետ, որոնց բովանդակության մասին քիչ բան է հայտնի։
Մոսկվան, իր հերթին, կայսերական ոճով իսկական պատերազմ էր սկսել Կիևի դեմ՝ առևտրային պատժամիջոցներ, գազային սպառնալիքներ։ Մոսկվան խոստանում էր վերանայել էներգետիկ քաղաքականությունը, եթե Ուկրաինան հրաժարվի եվրաինտեգրումից։ Մի քանի տարի առաջ, ցուրտ ձմռանը, Մոսկվան արդեն ցույց է տվել, թե ինչպես է կյանքի կոչում սպառնալիքները։ Այն ժամանակ նա պտտեց փականը, իսկ մարդիկ սկսեցին սառչել։
Մոսկվայի համար եվրաինտեգրման ճանապարհով գնացող Ուկրաինան կարևոր էր, քանի որ Եվրամիությանը հակադրվող Մաքսային Միությունը, որին մասնակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, թերի կլիներ և չէր կայանա, եթե չլիներ Ուկրաինայի նման մեծ շուկան։
Իսկ ԵՄ-ի համար Կիևի շրջադարձը դեպի Մոսկվա մեծ հարված է։ Բրյուսելում գիտեն Ուկրաինայում առկա տնտեսական բարդ իրավիճակի մասին։ Եվրամիության երկրները պատրաստ են օգնել վերջինիս՝ տնտեսական և ժողովրդավարության ասպարեզներում, այդ թվում ԵՄ-ից էներգակիրների մատակարարմամբ։ Միայն այդ դեպքում Ուկրաինան կարող է ինքնիշխան և անկախ կեցվածք ունենալ Մոսկվայի հետ։
Հիմա նա չունի անկախություն։ Այդ պատճառով Ուկրաինայում եվրոպական նախագիծը կարելի է ձախողված համարել և դժվար թե այն հնարավոր լինի վերագործարկել մինչև Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը։ Առաջիկայում Ուկրաինայի քաղաքականությունը կորոշի Մոսկվան։ Կիևն էլ դարձավ Մոսկվայի փոքր եղբայրը։