Ուկրաինայի զինված ուժերը մտադիր չեն լքել Ղրիմը, չնայած Ռուսաստանի Դաշնության կողմից այդ շրջանն իր կազմի մեջ ընդգրկելուն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը:
«Ոչ, մենք մնում ենք», — ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը` պատասխանելով Ղրիմը լքելու մասին լրագրողների հարցին:
Այս պահին Սևաստոպոլում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի սևծովյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոյի և նրա ուկրաինացի գործընկեր, կոնտր-ծովակալ Սերգեյ Գայդուկի միջև, քանի որ այսօր առավոտյան Սևաստոպոլի, այսպես կոչված, ինքնապաշտպանական ուժերը գրոհել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը, որը գտնվում է Սևաստոպոլում: