Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային հետ կանչելը տարբեր արձագանքների առիթ դարձավ քաղաքագետների շրջանում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն նման դիքրորոշմամբ հանդես եկավ Ղրիմի հանրաքվեից հետո, երբ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները շատ տարբեր ձեւի դիրքորոշումներ են հայտնում:
«Իրականում դա կարելի է անել այլ ձեւ, ավելի մեղմ, երկկողմ, բայց Ուկրաինայի նոր իշխանությունները խնդիր ունեն ադեկվատության հետ: Փաստացի իրենք փորձեցին ճանաչել այն, ինչ որ Հայաստանը չի արել: Ուկրաինայի նոր իշխանությունները տարօրինակ, տարբեր ձեւի քայլեր են անում»,-ասում է Մինասյանը եւ հավելում, որ դեսպանին հետ կանչելը ողջամիտ չէր:
Ըստ նրաˋ Հայաստանը այդ քայլին գնաց, քանի որ որոշ խնդիրներ ունի եւ պետք է թե´ Ռուսաստանի, թե´ Ուկրաինայի դեպքում ինչ-որ ձեւաչափ ունենար:
«Բայց Ուկրաինայի նոր իշխանությունները երեւի թե այլ ձեւ արձագանքեցին եւ դա իրենց իրավունքն է»,-ասաց Մինասյանը: