տուն Հասարակություն Ուժեղ քամիները վնաս են պատճառել Երանոս եւ Ճամբարակ համայնքների տնտեսություններին

Ուժեղ քամիները վնաս են պատճառել Երանոս եւ Ճամբարակ համայնքների տնտեսություններին

252
0

Փետրվարի 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիները վնաս են պատճառել Երանոս եւ Ճամբարակ համայնքների տնտեսություններին:

Ճամբարակի եւ Երանոսի համայնքապետարաններից ստացված տվյալների համաձայն , քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու եւ ճշգրտելու նպատակով տեղերում աշխատում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության եւ համայնքապետարանների համապատասխան հանձնաժողովները:

Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի խոսքով, նախնական տվյալներով, քամին Ճամբարակ քաղաքում վնասել է բազմաբնակարան 5 շենքերի տանիքներ: Առավել շատ տուժել է Տիգրան մեծ փողոցի բազմաբնակարան 7-րդ շենքի տանիքը, որտեղ քամին մոտ 50 տոկոսի չափով պոկել է տանիքի փայտյա ու թիթեղյա մասերը:

Վնասվել է նաեւ 15-20 առանձնատան եւ հանրային նշանակության մի շարք շինությունների տանիքները: Փլվել է Ճամբարակ համայնքի բնակիչ Վահե Հովհաննիսյանին պատկանող անասնագոմի տանիքը եւ պատերը, ինչի հետեւանքով մանր եղջերավոր անասունների անկում է տեղի ունեցել:
Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի տեղեկացմամբ, քամին վնաս է հասցրել Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի, մեկ անասնապահական համալիրի ու մեկ առանձնատան նախամուտքի տանիքիներին: Թիվ 2 միջնակարգ դպրոցում տանիքը վնասվել է 21 քառակուսի մետր մակերեսով, 10 քառակուսի մետր մակերեսով էլ ջարդվել են պատուհանների ապակիները:

Ամբողջությամբ, 242 քառակուսի մետր մակերեսով, վնասվել է Հրաչիկ Խանսանամյանին պատկանող անասնապահական համալիրի եւ 16 քառակուսի մետր մակերեսով՝ Պարգեւ Մխեյանի առանձնատան նախամուտքի տանիքը:

Շինություններին պատճառված վնասների հնարավոր չափերը ճշգրտվում են համապատասխան հանձնաժողովների կողմից: