Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր` Գյուլնարայի դեմ մահափորձ է իրականացվել: Այս մասին Գյուլնարան գրել է Twitter-ի իր էջում` մահափորձի մեջ մեղադրելով Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ռոստամ Ինոյատովին:
Պատասխանելով իր հետևորդներից մեկի հարցին` Գյուլնարան գրել է, որ ապաքինվում է մահափորձի հետևանքներից. «Շնորհակալություն բոլորին: Ինձ ցանկանում էին թունավորել ծանր մետաղով՝ սնդիկով, սակայն Աստծո կամոք ինձ չկարողացան տապալել, թեպետ մինչև հիմա բուժվում եմ», — ասել է նա` չնշելով, թե կոնկրետ ում է մեղադրում: Սակայն միաժամանակ նա պատմել է, որ Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամ Ինոյատովը ցանկանում է երկրում իշխանությունը վերցնել իր ձեռքը, և այս ճանապարհին վախենում է իրենից` Գյուլնարայից, ով մեծ ժողովրդականություն է վայելում:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Ինոյատովը մեծ դեր է ունեցել Ուզբեկստանի նախագահի և դստեր միջև հակամարտությունում: Վերջին օրերի ընթացքում Ուզբեկստանում փակվել են Գյուլնարա Քարիմովային պատկանող լրատվամիջոցները: Մի քանի լրատվամիջոց էլ հաղորդեց, որ Իսլամ Քարիմովն անձամբ է ծեծել դստերը։