Ուզբեկստանի նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան պատրաստվում է լքել հայրենիքը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում անելով նրան պատկանող Terra Group ընկերությունում իր աղբյուրներին:
Աղբյուրը չի նշել, թե ուր է ցանկանում տեղափոխվել Գուլնարան։ Այս պահին տեղափոխության մասին տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա: Միաժամանակ իրավապահ մարմիններում Interfax-ի աղբյուրները հաստատել են, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դստեր ընկերություններում և հասարակական կազմակերպություններում իրականացվում են ստուգումներ, իսկ դրանց աշխատակիցների մի մասն արդեն լքել է Ուզբեկստանը:
Ավելի վաղ հաղորդվել էր Գյուլնարային պատկանող նորաձևության խանութների ցանցի փակման մասին, որտեղ, ըստ իրավապահների, հայտնաբերվել են դրամական միջոցների անօրինական շրջանառության դեպքեր: Դրանից հետո դադարել է գործել Գյուլնարա Քարիմովայի «Մշակույթի և արվեստի ֆորում» հիմնադրամը: Քարիմովան իր դեմ հետապնդումները մեկնաբանում է որոշ մարդկանց համար իր անհարմար լինելու հանգամանքով:
Ըստ ուզբեկական աղբյուրների՝ Գուլնարայի հետապնդումը պայմանավորված է ընտանիքի ներսում գոյություն ունեցող հակասություններով: Հակամարտությունը սկսվել է հոկտեմբերի վերջին, երբ Գուլնարան մի շարք թվիթերյան հրապարակումներ է արել, որոնցում վարկաբեկել է մորն ու քրոջը, ինչպես նաև քննադատության է ենթարկել իրավապահ և ուժային կառույցներին: