ԱԺ-ում նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան պաշտոնյաների պարգեւավճար ստանալու ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, ասել էր՝ կան պաշտոնյաներ, որոնք նախորդ տարվա համեմատ քիչ են պարգեւավճար ստացել:
Հիշեցնենք՝ «Հետք» լրատվականը հրատարակել էր «Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է» հոդվածը, որտեղ ասվում էր այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ. հարցը քննարկվեց նաև ԱԺ-կառավարություն հարցուպատասխանում:
Լրատվամիջոցների ուշադրությունից վրիպեց, որ պաշտոնյաների պարգեւավճարի որոշումը կառավարությունը ներքին ընթացակարգով էր որոշել, այսինքն՝ առանց հանրային քննարկման ու հասարակությանը տեղեկացնելու: Հետևաբար, հարց է առաջանում՝ ո՞վ է վերոնշյալ տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձրել:
Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չէր ասել քիչ հավելավճար ստացող պաշտոնյաների անունները, Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ տեղեկանալու նրանց անունները, պարզելու տեղեկատվության արտահոսքի հեղինակներին եւ իմանալու, թե պաշտոնյաների հավելավճարի որոշումը վարչապետը միայնա՞կ է ընդունել, թե՞
պաշտոնատար այլ անձինք են վարչապետ Փաշինյանին նման խորհուրդ տվել:
Կառավարությունն ի պատասխան մեր գրավոր հարցման տեղեկացնում է՝ 2018 թ. համեմատ 2019 թ. իջեցվել են ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և նրա տեղակալների, ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, վերջինիս տեղակալների և գլխավոր քարտուղարի աշխատավարձերը: Մասնավորապես, 2018 թվականին ֆինանսների նախարարի զուտ եկամուտը կազմել է 1.875.323 ՀՀ դրամ, նախարարի 1-ին տեղակալի զուտ եկամուտը՝ 1.828.227 ՀՀ դրամ, նախարարի տեղակալի զուտ եկամուտը՝ 1.139.716 ՀՀ դրամ, ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի զուտ եկամուտը՝ 1.555.511 ՀՀ դրամ: 2019 թվականի ապրիլ ամսից ֆինանսների նախարարի զուտ եկամուտը կազմում է 1.500.000 ՀՀ դրամ, նախարարի 1-ին տեղակալի զուտ եկամուտը՝ 1.250.000 ՀՀ դրամ, նախարարի տեղակալի զուտ եկամուտը՝ 1.062.500 ՀՀ դրամ, ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի զուտ եկամուտը՝ 867.000 ՀՀ դրամ:
2018 թվականի նոյեմբեր ամսին, ըստ կառավարության տեղեկության, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի զուտ եկամուտը կազմել է 2.360.856 ՀՀ դրամ, իսկ դեկտեմբեր ամսին՝ 3.469.236 ՀՀ դրամ, Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի զուտ եկամուտը նոյեմբեր ամսին կազմել է 2.083.787 ՀՀ դրամ, իսկ դեկտեմբեր ամսին՝ 4.240.838 ՀՀ դրամ, Կոմիտեի նախագահի տեղակալի զուտ եկամուտը նոյեմբեր ամսին կազմել է 1.794.184 ՀՀ դրամ, իսկ դեկտեմբեր ամսին՝ 2.600.344 ՀՀ դրամ, Կոմիտեի նախագահի տեղակալի զուտ եկամուտը նոյեմբեր ամսին կազմել է 1.765.015 ՀՀ դրամ, իսկ դեկտեմբեր ամսին՝ 2.556.235 ՀՀ դրամ, Կոմիտեի նախագահի տեղակալի զուտ եկամուտը նոյեմբեր ամսին կազմել է 1.777.515 ՀՀ դրամ, իսկ դեկտեմբեր ամսին՝ 2.556.235 ՀՀ դրամ, իսկ Կոմիտեի գլխավոր քարտուղարի զուտ եկամուտը նոյեմբեր ամսին կազմել է 1.857.911 ՀՀ դրամ, իսկ դեկտեմբեր ամսին՝ 2.776.211 ՀՀ դրամ:
2019 թվականի ապրիլ ամսից Կոմիտեի նախագահի զուտ եկամուտը կազմում է 1.500.000 ՀՀ դրամ, Կոմիտեի նախագահի 1-ին տեղակալի զուտ եկամուտը՝ 1.250.000 ՀՀ դրամ. Կոմիտեի նախագահի տեղակալների զուտ եկամուտը՝ 1.062.500 ՀՀ դրամ, Կոմիտեի գլխավոր քարտուղարի զուտ եկամուտը՝ 1.150.352 ՀՀ դրամ:
Ինչպես տեսնում ենք հրապարակված թվերից, զգալի նվազել է ՊԵԿ-ի պաշտոնյաների հավելավճարը, ի տարբերություն ֆինանսների նախարարի եւ նրա ենթակաների:
Ինչ վերաբերում է տեղեկատվության արտահոսքին, կառավարությունը քննարկվող գաղտնի որոշման բովանդակության արտահոսքի վերաբերյալ տեղեկություններ չունի:
Իսկ ահա մեր երրորդ հարցին, թե վարչապետը միայն թե պաշտոնատար այլ անձանց խորհրդով է հավելավճարների որոշումը ներքին ընթացակարգով ընդունել, կառավարությունը հստակ չի պատասխանել հարցին: «Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ պարգևավճարների վերաբերյալ փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով»,- տեղեկացնում է կառավարությունը:
Սոնա Դավթյան