Կառավարության նիստում հաստատվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը։ Ըստ նրա՝ փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց Բադասյանին՝ սա վերաբերում է պաշտոնյաների՞ն, թե ընդհանրապես բոլորին։
Նախարարը պատասխանեց, որ առաջին հերթին ազդակ են հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։
«Դա նշանակում է, որ պարտադիր ինչ-որ թեմայով պետք է հարուցված քրեական գո՞րծ լինի»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
«Կա հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու համար։ Հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են։ Վեց հիմք ունենք։ Առաջին հիմքը, եթե կա օրինական ուժի մեջ մտած մեդադրական դատավճիռ, և կան ապօրինի ծագման գույքի մասին տվյալներ։ Երկրորդ՝ կա հարուցված քրեական գործ, և անձը մեղադրյալ է ներգրավվել նախագծով սահմանված հանցագործություններից մեկով, երրորդ՝ առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, բայց քրեական հետապնդումն անհնար է։ Չորրորդ՝ առկա են բավարար հիմքեր կասկածելու՝ առկա է ապօրինի ծագման գույք, բայց քրեական գործը կասեցվել է։ Հինգերորդ՝ օպերատիվ հետախուզական տվյալներով՝ առկա են բավարար հիմքեր, որ բացառապես պաշտոնատար անձինք ունեն ապօրինի ծագման գույք, այս դրույթը բացառապես պաշտոնյաներին է վերաբերում, մնացածներն ավելի լայն են, և վերջին հիմքը՝ միջազգային հարցումներին պատասխանելու միջոցով»,- ասաց Բադասյանը։
Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչու է սահմանվել 10 տարվա ժամկետը և ինչու ոչ 1991 թվականից սկսած։
Բադասյանը չկարողացավ մեկնաբանել՝ նշելով, որ նախագիծը նորից կքննարկեն և շեմը կհասցնեն 1991 թ․։