տուն Հասարակություն Որ ավիաընկերությունները կազատվեն «օդի տուրքի» 10.000 դրամից

Որ ավիաընկերությունները կազատվեն «օդի տուրքի» 10.000 դրամից

185
0

Հայաստանում Ryan Air ավիաընկերության մուտքը շատ բուռն ընդունվեց։ Տարաբնույթ քննարկումներ սկսվեցին․ ոմանք սա մեծ հաղթանակ որակեցին, ոմանք սկսեցին շահարկել այն հարցը, որ լոուքոսթերի մուտքն ապահովելու համար բյուջեից հսկայական գումարներ են հատկացվելու, ինչը, սակայն, հերքվեց։

Նշենք, որ վերջին շրջանում քաղավիացիայի պետական կոմիտեն նշում էր, որ փոքր բյուջետային ավիաընկերությունները չեն ցանկանում մուտք գործել մեր շուկա հատկապես «օդի տուրքի» պատճառով։

Եվ ահա օրերս՝ Rian Air-ի պաշտոնական մուտքից հետո, e-draft.am կայքում քննարկման է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ այսպես կոչված «օդի տուրք»-ի 10.000 ՀՀ դրամից ազատման արտոնությունից կօգտվեն այն ավիաընկերությունները, որոնք իրականացնում են առևտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից։

Նախագծից կարելի է եզրակացնել, որ տուրքից կազատվեն ոչ բոլոր ավիաընկերությունները։ Araratnews.am-ը կապ հաստատեց Քաղավիացիայի պետական կոմիտեի հետ՝ պարզելու, թե կոնկրետ ո՞ր ավիաընկերությունները կօգտվեն այս արտոնությունից։

Կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ «օդի տուրքից» ազատման արտոնությունները կտրվեն բոլոր այն ավիաընկերություններին, որոնք նոր օդանավակայաններից չվերթեր կիրականացնեն։

Դիտարկմանը, այսինքն՝ Հայաստանում երկար տարիներ գործունեություն ծավալած ավիաընկերությունները, որոնք չեն առաջարկի նոր ուղղություններ, չե՞ն ստանա արտոնություն, Տաթևիկ Ռևազյանի օգնականը նշեց, որ ոչ։

Իսկ արդյոք այս քայլը խտրականություն չէ՞ շուկայում գործող մյուս ավիաընկերությունների հանդեպ։

Քաղավիացիայի ներկայացուցիչն ասաց, որ այս քայլին դիմել են նոր ուղղություններ ներգրավելու համար, և ամենևին խտրականություն չէ։

Հարցին՝ այս պահին Ryan Air-ից բացի, կա՞ն այլ ավիաընկերություններ, որ արդեն առաջարկել են նոր ուղղություններ, ունե՞ք նման ցանկ․ «Այս պահին ձեռքիս տակ նման ցանկ չկա, բայց հնարավոր է, որ կան դիմողներ, ուղղակի ես տեղյակ չեմ»,- նշեց օգնականը։

Հիշեցնենք, որ Ryan  Air-ը թռիչքներ կսկսի իրականացնել 2020-ի հունվարից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here