ԱԺ քառօրյայի հերթական նիստում ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Կառավարության ծրագիրը, որ քննարկման առարկա է արդեն չորրորդ օրը, բուռն քննարկումների տեղիք է տալիս: Կարծում եմ սա այն իրողությունից է բխում, որ մեր առաջ ծառացել են այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են հիմնարար լուծում` հանդուրժողականությունը, իրար լսելը, իրար ընկալելն ու դրա հիման վրա ծրագրերն իրականացնելը: Դա վերաբերում է թե՛ հանրությանը, թե՛ քաղաքական ուժերին: Եթե դատելու լինենք, ապա ծրագրում առնվազն պետք է լիներ քաղաքական ընդդիմության վերաբերյալ առաջարկություն: Պետք է տեսնեինք, որ իշխանությունը պատրաստ է վերահսկողությունը հանձնել նաև ընդդիմությանը:
Հայաստանի հանրապետության որևէ պաշտոնատար անձ չպետք է իրավունք ունենա մեր երկրում վաստակելով՝ ներդրումներ անել այլ երկրում: Եթե նա բարձրագույն պաշտոնյա է այս երկրում, նա պետք է ներդրումներն էլ կատարի այս երկրում: Ընդ որում խոսքը ոչ թե բիզնեսի, այլ արժեթղթերի, անշարժ գույքի մասին է:
Ներկա կառավարությունից մենք ակնկալում էինք, որ կլինեն որոշակի լուծումներ: Մենք առաջարկում էինք, որ այն բոլոր բարեփոխումները, որոնք կառավարությունն իրականացնելու է, հանրության մեջ հեղինակություն վայելող թիմ պետք է աշխատի:
Եթե կառավարությունը պատասխանատու չէ աշխատատեղեր ստեղծելով, ապա ով է պատասխանատու: Օրինակ Նաիրիտը, 3000 աշխատատեղ ունեցող կառույց է, եթե ոչ կառավարությունը , ով պետք է վերցնի իր վրա այդ հարցը»,-եզրափակեց պատգամավորը: