Արդեն գիտենք, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում: Դոնեցկ կատարած վերջին այցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը տեղի իշխանություններին հայտնել է, որ նախագահ Յանուկովիչն արդեն քննարկում է ասոցացման համաձայնագրի ստորագրումը մինչեւ 2014 թվականը կամ ավելի երկար ժամանակով հետաձգելը: Նախաձեռնողն ուկրաինական կողմն է, քանի որ Եվրամիությունը չի գտել միջոցներ` փոխհատուցելու Ուկրաինայի տնտեսական վնասը Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզելու պարագայում: Բացի այդ, եվրոպացի քաղաքական գործիչները կոշտ դիրքորոշում են արտահայտել Յուլյա Տիմոշենկոյի ազատարձակման հարցում:
Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ուկրաինայի իշխանությունների այս դիրքորոշումը պայմանավորված է երկու պատճառով. «Մի պատճառն ուկրաինական է, մյուսը` ռուսական: Ուկրաինական պատաճառն իշխանության կրիմինալ օլիգարխիկ բնույթն է, ռուսական պատճառը`ֆաշիստական Գերմանիայի նման լկտի ճնշումներն են հարևանների վրա: Այս երկու պատճառներն իրար հետ բերել-հանգեցրել են այդպիսի դիրքորոշման Ուկրաինայի ղեկավարության կողմից»:
«Կանդամակցի՞ արդյոք Ուկրաինան ՄՄ-ին» հարցին Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե դա այդպես կլինի, որովհետև մենք տեսանք, որ նույնիսկ որոշումը` չստորագրել Վիլնյուսում ասոցացման պայմանագիրը ԵՄ-ի հետ, արդեն ընդվզումներ է առաջացրել այս ահռելի երկրի ամբողջ տարածքում, և այդ ալիքը գնալով մեծանում է, որովհետև որևէ մեկը չի ուզում, որ իր երկրում տիրի Կրեմլի իշխանությունը, մանավանդ այսօր` նոյեմբերի 23-ին, Ուկրաինայում սգո օր է` Գոլոդոմորի միլիոնավոր զոհերի հիշատակի օրն է, և այդ Գոլոդոմորը տեղի է ունեցել հենց Կրեմլի որոշումների պատճառով, և դրա մասին գիտի ցանկացած ուկրաինացի, ու այդ Գոլոդոմորի հեղինակների լուծը նորից բերել և կապել երկրի գլխին, իհարկե, ոչ մեկը չի հանդուրժի»,- ասաց փորձագետը:
Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք տարածաշրջանում ռուսական ճնշումների տակ բարձրանա բողքի մեծ ալիք` դրանից բխող լուրջ և վտանգավոր հետևանքներով, Մեհրաբյանը պատասխանեց. «Անպայման բարձրացնելու են, արդեն բարձացրել են, ու կարծում եմ, որ գնալով սա ահագնանալու է, բացի այդ, ես կարծում եմ, որ միջազգաիյն հանրությունն այլևս որևէ իլյուզիա չունի Ռուսաստանի նկատմամբ, որ այդ երկիրը դրսևորում է ուղղակի ֆաշիստական պահվածք թե երկրի ներսում, թե իր արտաքին հարաբերություններում»,- եզրափակել է Ռուբեն Մեհրաբյանը:
Էմմա Պալյան