տուն Քաղաքական Հայաստան Որևէ կուսակցություն առայժմ ապրիլի 5-ի հանրաքվեն մշտադիտարկելու հայտ չի ներկայացրել

Որևէ կուսակցություն առայժմ ապրիլի 5-ի հանրաքվեն մշտադիտարկելու հայտ չի ներկայացրել

373
0

47 դիտորդ տեղական վեց կազմակերպություններից այսօրվա դրությամբ հայտ է ներկայացրել ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մշտադիտարկելու համար։ Սա դեռ վերջնական թիվը չէ, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 21-ն է։

Հանրաքվեի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դիտորդի կարգավիճակ կարող են ունենալ նաև կուսակցությունները։ «Ազատության» հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ առայժմ որևէ կուսակցություն հանրաքվեն մշտադիտարկելու ցանկություն չի հայտնել։

«Կարծում եմ, որ դեռ ժամանակ կա, և, ինչպես ցույց է տալիս մեր պրակտիկան, ավելի մեծաթիվ են լինում դիմումները հատկապես, երբ մոտենում է վերջնաժամկետը։ Հուսանք, որ ավելի մեծ կլինի, և ես կարծում եմ, որ կուսակցությունները ևս կօգտվեն իրենց իրավունքից»,- հավելեց Մուկուչյանը։

Փետրվարի վերջին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ հանրաքվեն դիտարկելու համար հրավերներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին։ ԿԸՀ-ից փոխանցեցին, որ միջազգային դիտորդներից որևէ հայտ դեռ չեն ստացել։

Քարոզարշավի ընթացքի խախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ ԿԸՀ-ն նույնպես չի ստացել։ Սակայն հետևելով լրահոսին՝ ծանոթ են ամենատարբեր գնահատականներին և մոտեցումներին։

Տիգրան Մուկուչյանի խոսքով, առանձին խնդիրներ նկատվել են, բայց ընդհանուր առմամբ քարոզարշավն ընթանում է Ընտրական օրենսգրքի և «Հանրաքվեի մասին» օրենքում ամրագրված սկզբունքների պահպանմամբ. «Երբ հանձնաժողովը կգտնի, որ կա անհրաժեշտություն կոնկրետ փաստական հանգամանքով պայմանավորված վարույթ հարուցելու, ինքը սեփական նախաձեռնությամբ վարույթ կհարուցի»,- նշեց ԿԸՀ նախագահը։

Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացել է 19 ահազանգ, որոնցից 9-ը նույն անձի կողմից ներկայացված դիմումներ են, որոնք վերաբերել են առերևույթ վարչական իրավախախտումներին: Դատախազության հայտարարության համաձայն, դրանք առերևույթ հանցագործության մասին հաղորդում չհանդիսանալու պատճառով ստուգման հանձնարարություն տալու անհրաժեշտության բացակայության կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ:

Մյուս 10 դեպքերը պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանցից 8-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը, և ոստիկանության ծառայողների զեկուցագրերի հիման վրա թողնվել անհետևանք։ Իսկ 2-ով իրականացվում են ստուգողական գործողություններ: