ԵԱՏՄ որևէ գագաթնաժողով այսքան ներկայացուցչական չի եղել

    301
    0

    Երեկ Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ գագաթնաժողովը, որի շրջանակներում Հայաստան էին ժամանել ոչ միայն միության անդամ պետությունների, այլև Իրանի և Սինգապուրի առաջնորդները։ Araratnews.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ամփոփեց գագաթնաժողովի արդյունքները։

    «Ամեն ինչ անցավ բարձր մակարդակով։ ԵԱՏՄ որևէ գագաթնաժողով այսքան ներկայացուցչական չի եղել, սա լուրջ հայտ էր ԵԱՏՄ կառույցի հեղինակության բարձրացման ուղղությամբ։ Այս գագաթնաժողովին ներկա էին նաև մի քանի հրավիրված պետությունների ղեկավարներ։ Ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք նշանավորեցին ԵԱՏՄ-ի և, մասնավորապես, Սինգապուրի համագործակցության նոր հեռանկարներ։ Առհասարակ, այն փաստաթղթային շրջանակը, որ կա ԵԱՏՄ-ի և այլ պետությունների միջև, հնարավորություն է ընձեռում ավելի դյուրացված կարգով իրականացնել առևտուրը ԵԱՏՄ անդամ և ԵԱՏՄ-ի հետ համագործակցող պետությունների միջև։ Եվ Հայաստանն այս գագաթնաժողովում առաջատարի դեր խաղաց»,- շեշտեց խոսնակը։

    Կարապետյանը չցանկացավ համեմատականներ անցկացնել նախորդ իշխանության օրոք անցկացված ԵԱՏՄ հանդիպումների շրջանակի ու քննարկված հարցերի միջև․ «Ես չէի ուզենա համեմատականներ անցկացնել։ Ասացի, որ ներկայացվածության բարձր մակարդակով մեր գագաթնաժողովը նախադեպ չուներ»։

    Վարչապետի խոսնակը նշեց, որ Երևան ժամանած պետությունների ղեկավարները գոհ են հեռացել Հայաստանից։

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here