Սա հետազոտություն է, որը ցույց է տալիս Հայաստանում դատաիրավական համակարգի իրական վիճակը. Araratnews.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանըˋ անդրադառնալով մի քանի օր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցին:
Նա նշում է, որ զեկույցում տեղ գտած դատական կաշառքների սակագներն ու դատավորների նկատմամբ ճնշումների դեպքերը բազմիցս ներկայացվել են այլ հետազոտությունների արդյունքում, սակայն ոչ մի բարեփոխում դատաիրավական ոլորտում չի կատարվում:
Իրավապաշտպանը հիշատակում է 2008-2009 թթ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-իˋ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինստիտուտի մոնիտորինգը Հայաստանի դատարանների նկատմամբ, Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության կողմից Հայաստանի դատարանների մասին հետազոտությունը, ինչպես նաեւ ամերիկյան իրավաբանների ընկերակցության կողմից մի քանի անգամ արված Հայաստանի դատական ինդեքսը:
«Բոլոր հարցերը այդտեղ բարձրացված էին, եւ կոռուպցիոն ռիսկերի, եւ դատավորների կախվածության: Այսինքն՝ այս հարցերը այս կամ այն չափով բարձրացված են, բայց որեւէ բարեփոխում այդ ոլորտում չի արվումˋ չնայած բոլոր միջազգային կառույցների հորդորներին եւ մոնիտորինգային աշխատանքներին»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Այն հարցին, թե չպե՞տք է ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած տվյալները դառնային հատուկ քննության նյութ ու փոխանցվեին նաեւ Հայաստանի գլխավոր դատախազությանը, իրավապաշտպանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, եթե հետազոտություն արվեր դատախազության եւ հատուկ քննչական մարմինների հետ կապված, ապա նույն տիպի արդյունքներ կստացվեին: Այսինքն՝ ո՞վ պետք է այդ հետազոտությունը անի, եթե նույն պատկերը իրենց մոտ է: Դա, այսինքն, ոչ այնքան դատախազության կամ հատուկ քննչական ծառայության աշխատանքը պետք է լինի, որքան օրենսդիրինը, որ բարեփոխումներ անեն դատաիրավական ոլորտում»:
Ըստ Իշխանյանիˋ ցանկության դեպքում դատական ոլորտում մեծ բարեփոխումներ են պետք, որպեսզի դատարանը իսկապես դառնա անկախ դատական իշխանություն, որպեսզի դատավորը բացարձակապես չզգա իրեն կախյալ ոստիկանությունից, նախագահից եւ այլնից:
Մյուս կողմից՝ իրավապաշտպանը համոզված է, որ այդ ուղղությամբ քայլ չի արվում, քանի որ դատական համակարգը իշխանության ձեռքին հիմնական լծակն է իշխանություն պահելու համար:
«Եվ ուղղակի այդ կոռուպցիան նրանց թույլատրվում է, որովհետեւ մյուս անհրաժեշտ դեպքերում նրանք որոշումները կայացնում են այնպես, ինչպես ցանկանում են գործադիր իշխանության ներկայացուցիչները: Մյուս կողմից, քանի որ նրանք ցանկացած որոշում կատարում են, նրանց թույլատրվում է նաեւ կոռուպցիայի մեջ թաղվելը: Նրանք ուղիղ գծով իրար հետ կապված են»,- ասում է Իշխանյանը:
Լիլիթ Առաքելյան