Ինչքան քիչ են մարդու բերանի ատամները, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կունենա սիրտ-անոթային հիվանդություններ: Նման եզրակացության են եկել Ուպսալի համալսարանի գիտնականները` իրականացնելով լայնածավալ ուսումնասիրություն: Նրանց խոսքերով` շատ հաճախ այն հիվանդները, ովքեր ունեն սրտանոթային հիվանդություններ, լուրջ խնդիրներ ունեն նաև բերանի խոռոչում:
Դեռ մի քանի տարի առաջ շվեդ մասնագետները նկատել էին, որ սիրտանոթային հիվանդություններից հաճախ մահանում են քիչ ատամներ ունեցողները: Նրանք պարզել են, որ պարոդոնտիտը, որը վնասում է ատամները, կարող է դառնալ աթերոսկլերոզի պատճառ: «Մեր ուսումնասիրություններն անմիջական կապ են հայտնաբերել բերանի խոռոչի վատ վիճակի և սիրտանոթային խնդիրների միջև», — ասել է շվեդական համալսարանի դոցենտ Կլաես Հելդը: Միաժամանակ, նա դժվարացել է հստակ ասել, թե ինչով է պայմանավորված այդ կապը: