Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը արգելափակել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը։
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ Թուրքիան վերջին շրջանում սկսել է ավելի մեծ կարևորություն տալ ՄԱԿ-ին ու նրա կառույցներին, և Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը թուրքական իշխանությունների համար բաղձալի թիրախ է նաև իմիջի տեսանկյունից։ « Ինչպես արդարացի նշել են Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը, Թուրքիայի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ չեն ՄԱԿ-ի նորմերին և հռչակած արժեքներին, Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին: Չմոռանանք նաև, որ Հայաստանը տեսել է, թե որքան «անկողմնակալ» կարող է լինել Թուրքիայի ներկայացուցիչը միջազգային կառույցում ժամանակավոր նախագահելիս։ Նկատի ունեմ ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի պաշտոնավարումը։ Եվ վերջապես, նախկինում Թուրքիան ինքն է խոչընդոտել միջազգային կառույցներում այլ երկրների թեկնածուների (օրինակ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի) ընտրվելուն՝ դա դիտարկելով նաև որպես տվյալ երկրներից զիջումներ կորզելու լավ հնարավորություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է նա: