Սկսած 2005 թվականից մինչև 2019 թվականի առաջին 8 ամիսը «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի հասույթը կազել է 3 միլիարդ 909 միլիոն դոլար։ Այս մասին «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական հաշվետությունը ներկայացնելիս ասաց գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը։
Նա նշեց, որ այս տարի մոտ 50 միլիոն դոլար է վճարվել։
Մհերը Պոլոսկովը ներկայացրեց նաև այլ ծախսեր, որոնք ծախսվում են ոչ որպես հարկ։
Այսպես՝ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը 2005 թվականից ի վեր բարեգործական նպատակով ծախսել է 120 միլիոն դոլարին համարժեք դրամ, այսինքն՝ հասույթի մոտ 3%-ը, և որպես դիվիդենտ վճարվել է 469 միլիոն դոլար, այսինքն՝ հասույթի մոտ 12%-ը։
«Համադրելով ոչ շահութահարկը, այլ զուտ ռոյալթին, կարող ենք փաստել, որ պետության մասնաբաժինը այս ընկերության առօրյայի մեջ, անցած 14 տարվա ընթացքում կազմել է միջինում 43%։ Երբ խոսքը ընկերության գերշահույթների, ընկերության թվերը ոչ հասանելի լինելու մասին է, մեր պատասխանը պարզ է՝ մեր ցուցանիշները պարտավոր ենք տրամադրել և ամփոփ ներկայացնում ենք ձեզ։ Նման պատկեր, ինձ թվում է, կլինի այլ կոլեգաների մոտ, որովհետև պետության մասնակցությունը զգալի է»,- ասաց կոմբինատի գլխավոր տնօրենը։
Նշենք, որ ավանդաբար «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը խոշոր հարկատուների ցանկում բարձր հորիզոնականներ է զբաղեցնում։