Շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պարզաբանեց, թե ինչու պետք է լրագրողները վճարեն Կապան գալու եւ վարչապետի ասուլիսը լուսաբանելու համար:
Վարչապետի խոսքով՝ լրագրողները հաճախ են մեղադրում կառավարությանը աննպատակ ծախսերի համար, հետևաբար՝ գործադիր մարմինն այսպես է որոշել:
Վարչապետի այս հայտարարությունը տարբեր կերպ մեկնաբանեցին, եղան տարբեր արձագանքներ: Լրագրողներից ոմանք հիշեցրին կառավարության ղեկավարին, որ յուրաքանչյուր տարվա վերջին լրագրողներ-վարչապետ ֆուրշետ է կազմակերպվում, որը եւս ծախս է, ուստի կարելի է այս արարողությունը եւս չկազմակերպել:
Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ տեղեկանալու, թե որքան գումար է ծախսվում լրագրող-վարչապետ հյուրասիրությանը, արդյոք հնարավոր է գումարի խնայողության համար դա էլ հանվի:
Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ կառավարությունը տեղեկացնում է, որ լրագրող-վարչապետ հանդիպման ծառայություններն ընդգրկված են վարչապետի արարողակարգային միջոցառումների շրջանակում եւ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը՝ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:
Կառավարությունն անպատասխան է թողել մեր երկրորդ հարցը՝ արարողությունը չեղյալ համարելու հավանականության մասին:
Սոնա Դավթյան